Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կոռուպցիայի մակարդակին վերաբերող ուսումնասիրությունը համարում է քաղաքականացված

Հունվար 28,2016 20:55

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը քաղաքականացված գնահատականներ է տեսնում Trancparancy International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման 2015 թվականի համաշխարհային հարցման արդյունքում:

«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նկատառումներով են արձանագրել, որ Հայաստանը 168 երկրների մեջ կոռուպցիայի մակարդակով 95-98 տեղերում է, ես թերահավատորեն եմ այդ ցուցանիշին վերաբերում: Շատ դեպքերում, նման կազմակերպությունների փորձագետները, երբ հարցախույզ են իրականացնում, ոչ մասնագիտական է ստացվում, որովհետեւ հանրային կարծիքով են առաջնորդվում. Ժողովուրդն ասում է, որ: Հայաստանում համակարգված բարեփոխումներ իրականացվում են, միգուցե ավելի արագ տեմպերով պետք է արվեին, դա այլ հարց է:

Իհարկե,  կոռուպցիոն դրսեւորումներ դեռեւս կան, ասել, որ պայքարը շատ արդյունավետ է, ոչ, բայց կոռուպցիայի դեմ պայքարում են, իմ կարծիքով, ոչ թե միայն սրան, նրան ձերբակալելով, կալանավորելով ու բռնելով, այլեւ համակարգային փոփոխություններ կատարելու ճանապարհով: Այսինքն, համակարգը պետք է այնպիսին լինի, որ կոռուպցիայի համար նպաստավոր պայմաններ չստեղծի պաշտոնյաների համար»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Ըստ նրա, իշխանությունների գործողությունները կոռուպցիոն ռիսկերը մեղմացնելու ուղղությամբ պետք է գնահատել. «Հայաստանը վերջին տարիներին  քայլեր կատարո՞ւմ  է, թե՞՝  ոչ, ես կարող եմ ասել՝ այո կատարել է: Օրինակ` հարկային վարչարարության մեջ միայն անցած ու նախանցած տարի այնպիսի հեղափոխական փոփոխություններ տեղի ունեցան, որը էապես նվազեցնում է  կոռուպցիոն ռիսկերը: Հարկատու հարկային մարմիններ անհրաժեշտ շփումն է վերացել, հաշվետվությունները թափանցիկ են դարձել: Սրանք քայլեր են, որոնք էապես նվազեցնում է կոռուպցիան:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնում են նաեւ  ոստիկանության տարբեր տեսակի գործառույթները՝ մեքենաների ձեւակերպումից սկսած մինչեւ անձնագրային բաժնի գործունեությունը: Կադաստրի համակարգում, նոտարական ծառայության ոլորտներում լուրջ տեղաշարժեր ունենք, ասել, որ Հայաստանը քայլեր չի կատարում  կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դեպքերը վերացնելու ուղղությամբ, սխալ է: Այլ հարց է՝ արդյոք այդ քայլերը բավարա՞ր են, միգուցե՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031