Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեռ չեմ տեսել, որ Հայաստանում գեյերին բռնեն, ճնշեն». ԱԺ պատգամավոր

Հունվար 28,2016 20:21

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնում է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում տեղ գտած Հայաստանին առնչվող մտահոգություններին:

Հիշեցնենք, կազմակերպությունն արձանագրել էր, որ Հայաստանում իրավունքների վիճակը 2015 թվականի ընթացքում մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց:

«Ծանոթ չեմ այդ կազմակերպությանը, բայց համաձայն չեմ նրանց արձանագրած տվյալներին: Մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով ՀՀ-ում աստիճանական մեծ ձեռքբերումներ կան: 2015-ին տարածաշրջանի այլ պետությունների հետ համեմատած Հայաստանում մարդու իրավունքների ազատության առաջխաղացումներն ակնհայտ են, ազատություն ասելով՝ նկատի ունեմ եւ մամուլի եւ մարդու իրավունքների, խոսքի ազատությունը»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե կազմակերպությունը խոսքի ազատության սահմանափակման ուսումնասիրության մեջ ներառել է, բռնությունների 19 դեպք լրագրողների նկատմամբ, որից 13-ը հունիսին անցկացված «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ընթացքում, պատգամավորը ընդհատեց՝ շարունակելով. «Այդ կազմակերպությունների վերլուծականներն արժանահավատ չեմ համարում, որովհետեւ ելնելով քաղաքական, տնտեսական շահերից՝ նման կազմակերպությունները պատվերներ են կատարում: Ես գտնում եմ, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները Հայաստանում զարգացում են ապրում, ով ասի, որ կազմակերպությունն ասի հակառակը,չեմ հավատա, որովհետեւ ես իմ վերլուծությունն ունեմ, նման բան չկա, չեմ հավատում»:

Հետո պարոն Ալեքսանյանն ասաց, թե նկատի չունի, որ Հայաստանում բացարձակապես խնդիրներ չկան. «Չեմ ասում՝  չկան այդ թերությունները, բայց կարեւորը, որ մարդու իրավունքների ազատությունն ու ժողովրդավարությունը զարգացում են ապրում: Ինչ վերաբերում է գեյերի, լեսբուհիների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելուն,ինչպես արձանագրել էր այդ կազմակերպությունը, դա լրիվ այլ խնդիր է, դա հասարակության  մոտեցումն ու վերաբերմունքն  է: Կարծում եմ՝ դրա մեջ ճշմարտություն էլ կա , որովհետեւ հենվում ենք մեր ավանդույթների վրա, մեր հասարակությունը, բնականաբար վատ է վերաբերվում նրանց: Բայց, ամեն դեպքում, ես դեռ չեմ տեսել, որ Հայաստանում գեյերին բռնեն, ճնշեն»:

Անդրադառնալով բանտերի վատ վիճակին, գերծանրաբեռնվածությանը՝ պարոն Ալեքսանյանը խոստովանեց, որ բանտերում վիճակը լավ չէ. «Իհարկե, հայաստանյան բանտերում այդքան լավ չէ՝ համեմատած զարգացած երկրների բանտերի հետ, բայց գիտենք՝ նոր կառույցներ են կառուցվում, եղածը բարելավվում է, բայց խնդիրները պայմանավորված են տնտեսական հնարավորություններով: Կրկնում եմ՝ քրեակատարողական հիմնարկների վիճակը բարելավվում է: Անցած տարի նոր քրեակատարողական հիմնարկ կառուցվեց, հիմա երկրորդի համար  շինարարություն կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031