Սնունդ, քաղցրավենիք, ծխախոտ, հիգիենայի պարագաներ. բանակում ծառայող զինվորը, որքան էլ ապահովված լինի այս ամենով, միեւնույն է, ուրախանում է նոր «չափաբաժին» ստանալիս: Սա հասկանալով՝ Civil voic հ/կ-ի անդամներն ու կամավորները կազմակերպել էին իրենց թվով հինգերորդ «Շնորհակա՜լ եմ քեզ, հա՜յ զինվոր» բարեգործական ակցիան՝ այս անգամ Բանակի օրվա առթիվ: Հանրապետության հրապարակում հավաքված երիտասարդների կոչն էր հանրությանը միանալ իրենց ակցիային՝ այդպես ամրապնդելով հասարակություն-բանակ կապը:
Aravot.am-ի հետ զրույցում հ/կ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը նշեց, որ այսպիսի ակցիաների կարիք միշտ էլ կան, դրանք հերթական առիթն են բանակում ծառայող զինվորին ոգեւորելու: Նա նշեց, որ իրենք գիտեն, որ այսօր հայոց բանակը տարածաշրջանում ամենահամալրվածն է, եւ իրականում կարիք էլ չունի այն ամենին, ինչ իրենք անում են, սակայն այս քայլով ցանկանում են, որ մարդիկ գիտակցեն բանակի դերի կարեւորությունը, իրենց աջակցությունը դրսեւորեն:
Կարդացեք նաև
Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ նրանք նաեւ կապող օղակ են բանակի եւ հասարակության միջեւ. շատերն այս օրերին ցանկություն կունենան ինչ-որ բան փոխանցել զինվորներին, սակայն գուցե նվերն ուղարկելու հնարավորություն չունենան, Civil voic հ/կ-ի անդամներն էլ կլինեն այն մարդկանց «նվերների առաքողները»:
Բաբկեն Հարությունյանը պատմեց, որ իրենց ակցիայի մասին տեղեկացնելիս՝ մարդկանց նաեւ ուղղորդում են, թե ինչ է անհրաժեշտ: Պարագաները հավաքելուց հետո ներկայացնում են պաշտպանության նախարարությանը, եւ վերջնս էլ տրամադրում է այն սահմանամերձ զորամասների ցանկը, որոնք կարիք ունեն դրանց: Այսօրվա հավաքված պարագաները զորամասեր կտեղափոխվեն առաջիկա տասը օրվա ընթացքում: Մեր զրուցակիցը նշեց, որ ակցիայի շրջանակներում հավաքվածով չեն բավարարվելու, կազմակերպությունն իր կողմից պարագաներ կավելացնի:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ