Կառավարությունը վաղվա՝ հունվարի 29-ի նիստին որոշում կկայացնի ֆինանսների նախարարության աշխատակազմի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը եւ Նաիրիի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միաձուլման ձեւով՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, որի կենտրոնը կլինի Աբովյան քաղաքում:
Նախատեսվում է միաձուլման ձեւով վերակազմակերպել նաեւ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունն ու Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը, որոնք վերակազմակերպելով եւ կազմավորելով կդառնան Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Այս վերակազմավորված տեսչության «նստվայրն էլ» կլինի Էջմիածին քաղաքում:
Կառավարությունը վստահեցնում է, որ այս վերակազմավորումների անհրաժեշտությունը պայմանավորած է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման անհրաժեշտությամբ:
Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է տարածքային հարկային տեսչությունների թվաքանակի կրճատում, եւ ինչպես որոշման նախագծում է նշված, պետք է նվազագույնի հասցվի հարկային մարմնի ստորաբաժանումների թիվը` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման եւ անձնակազմի օպտիմալացման միջոցով: «Նշված գործընթացի իրականացումը հնարավոր է դարձել հարկային մարմնում էլեկտրոնային համակարգի ներդրման ու բիզնես գործընթացների բարելավման, ինչպես նաեւ նպատակային ու հասցեական հարկային հսկողության իրականացման եւ դրա արդյունավետության բարձրացման շնորհիվ»,-գրված է նախագծում:
Կարդացեք նաև
Կառավարությունն, ըստ որոշման նախագծի, ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում օպտիմալացվելու է հարկային մարմնի կառուցվածքը, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ