Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների հաշմանդամության կարգը հատուկ հանձնաժողովը կորոշի

Հունվար 28,2016 18:45

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացնում մի նախագիծ, ըստ որի առաջարկվում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ ԲՍՓ-ի կազմում ստեղծել բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով եւ Շիրակի մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա՝ հունվարի 29-ի նիստի օրակարգից:

Նախարարությունն ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է հետեւյալ կերպ՝ «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 եւ թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրը տարեկան փորձաքննում է շուրջ 3900 անձի: Համաձայն գործող նորմացույցի՝ ընդհանուր բնույթի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները՝ ԲՍՓ-ները պետք տարեկան փորձաքննեն 3200-3600 անձի, այսինքն՝ ամենաշատ ծանրաբեռնվածության դեպքում փորձաքննվողների թիվը չպետք է գերազանցի 3600-ը: Նման ծանրաբեռնվածության պատճառով շատ հաճախ տուժում է իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների որակը:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակի եւ արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ստեղծել նոր բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով: Նախատեսվում է, որ այն կիրականացնի փորձաքննություններ ամբողջ հանրապետության տարածքում»:

Որոշման նախագիծն ընդունելուց հետո նախարարությունն ակնկալում է, որ

Շիրակի մարզում բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհարկի հերթերը կվերանան, կբարձրանա փորձաքննությունների որակը, իսկ դրանց արդյունքում ընդունվող որոշումներ կլինեն առավել հիմնավոր: Բացի այս, ինչպես նշված է նախագծում, կբարձրանա բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչեւ 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակումն եւ կազմումը, ինչը կնպաստի նաեւ նշված անձանց համար իրականացվող վերականգնողական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031