Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի վճարած հարկերը մոտ 4 միլիարդ դրամով ավելացել են

Հունվար 28,2016 17:43

Իսկ Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը հարկատուների ցանկում 43-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական

Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը, որը 2014 թվականին խոշոր հարկատուների ցանկում 43-րդ հորիզոնականում էր, անցյալ տարի բավականին բարելավել է իր դիրքերը` հայտնվելով տասնյակի 5-րդ հորիզոնականում: Անցյալ տարվանից արդեն ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը պատկանող Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը վճարել է 16 միլիարդ 955 մլն 671 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների ցանկից, որտեղ ներկայացված է, թե 2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողները որքան հարկ են վճարել: Հայկական սեփականատերերից ամերիկյան սեփականատիրոջ ձեռքն անցնելով՝ այս ընկերությունը 38 հորիզոնականով բարձրացել է, զգալի ավելացել են նաեւ նրա վճարած հարկերը: 2014-ին Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը վճարել էր ընդամենը 2 միլիարդ 880,064.7 դրամ հարկ:

Անցյալ տարի խոշոր տասը հարկատուների ցանկը գլխավորել է Գազպրոմ Արմենիան` վճարելով 42 միլիարդ 649, 961,2 դրամ, ապա` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 27 միլիարդ 505 901,6 դրամ: Երրորդ տեղում Ղ Տելեկոմն է, որը հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 18 միլիարդ 628 800,2 դրամ հարկ:

Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ալեքս Գրիգը նախորդ տարվա համեմատությամբ մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը: 2014 թվականի նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակում այս ընկերությունը երրորդ տեղում էր, 2015-ին` 4-րդում է: 2014-ին Ալեքս Գրիգը վճարել է 21 միլիարդ 571 522.5 դրամ հարկ, անցյալ տարի` 18 միլիարդ 255 286,2 դրամ:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը 2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին գրեթե 4 միլիորադ դրամով ավելի հարկ է վճարել, չնայած, թե՛ 2014-ին, թե’ 2015-ին ցանկի 6-րդ տեղում է եղել: Նախանցյալ տարի Հայէլցանցերը վճարել է 12 միլիարդ 430, 380.0 դրամ հարկ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 16 միլիարդ 494 203,4 դրամ հարկ:

Անցյալ տարի, սակայն, նվազել են Արմենիա Տելեֆոն կոմպանի (ԱրմենՏել) ընկերության վճարած հարկերը: Եթե 2014-ին ԱրմենՏելը վճարել է 16 միլիարդ 490 979.8 դրամ հարկ, ապա 2015-ին՝ 15 միլիարդ 466 983,1 դրամ:

Բենզինի խոշոր մատակարար Ֆլեշ ընկերությունը տասնյակում նույնպես զիջել է  դիրքերը՝ 7-րդ հորիզոնականից հայտնվելով 9-ում: Չնայած դրան՝ այս ընկերությունն անցյալ տարի ավելի շատ հարկ է վճարել: 2014-ին Ֆլեշը վճարել է 11 միլիարդ 980, 840. 5 դրամ, 2015-ին նրա վճարած հարկերը կազմել են 12 միլիարդ 751 028,3 դրամ:
Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը, որը 2014-ին ցանկի 10-րդ տեղում էր իր վճարած 8 միլիարդ 029 934.0 դրամ հարկերով, անցյալ տարի զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 13-րդ տեղը եւ վճարել 7 միլիարդ 424 051,2 դրամ հարկ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031