Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տամպլիերները՝ Պատրիարք Կիրիլին. «Նման արտահայտությունները քրիստոնյաներիս համար վիրավորական են»

Հունվար 28,2016 17:19

Կիլիկիայի թագավոր Լեւոն Բ Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանությունը (հայ տամպլիերներ) բաց նամակ է հրապարակելու՝ ուղղված  Մոսկվայի և Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանը:

Հիշեցնենք, որ տարեկսզբին Պատրիարքը ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, խոսելով Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հանդեպ կատարվող գործողությունների մասին, բերել էր Օսմանյան կայսրության օրինակը՝ ասելով. «Օսմանյան կայսրությունում, այո, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ-ոք չի ոչնչացրել»:

Լեւոն Մեծագործի անվան Հայաստանի Գերագույն Առաջնորդարանի ղեկավարների խոսքով՝  Պատրիարք Կիրիլի այդ կարծիքից կարելի է մտածել, թե Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ազգային և կրոնական փոքրամասնությունները չեն հալածվել, չեն ենթարկվել հետապնդումների եւ կոտորածի, չեն եղել նաեւ հազարավոր պղծված և ավերված եկեղեցիներ: Միաբանության բաց նամակում մասնավորապես մատնանշվում է. «Ստացվում է, որ Օսմանյան կայսրությունը հանդիսացել է իրավական, հանդուրժողական, մարդասիրական երկրի օրինակ: Նման բարձր և պարտավորեցնող դիրք զբաղեցնող մարդուն՝ Պատրիարք Կիրիլին, դժվար է կասկածել անպատասխանատվության մեջ: Նաեւ դժվար է ենթադրել նրա անտեղյակության մասին: Միաժամանակ, նման հայտարարության շարժառիթը հասկանալի չէ: Առավել ևս, որ այն հակասում է Հայոց ցեղասպանության հանդեպ Ռուսաստանի պետական դիրքորոշմանը, որը հաստատել է Վլադիմիր Պուտինը»:

Նշենք, որ ոչ կրոնական կազմակերպություն համարվող տաճարականների միաբանությունում ամենեւին նպատակ չունեն դատել Պատրիարք Կիրիլին, բայց վստահ են, որ Նորին Սրբության վերոնշյալ կարծիքը տարօրինակ է ընկալվում հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունների համատեքստում:

«Իսկ եթե դա իրավիճակը մեղմելու փորձ է, ապա չափազանց անպատշաճ ռևերանս է դա: Բարձրաստիճան հոգևորական-դավանակցի շուրթերից հնչող նման արտահայտությունները, մեզ համար, որպես քրիստոնյայի, վիրավորական են: Իսկ որպես հայի` խիստ զգուշացնող: Չէ՞ որ պատմությունը լի է օրինակներով, երբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ինչ-ինչ բարդությունների կամ հարաբերությունների կարգավորման պայմաններում ամենամեծ գինը հայ ժողովուրդն է վճարել»,-ասվում է նամակում:

Ինչ վերաբերում է Պատրիարք Կիրիլի մամուլի քարտուղարի տարածած պարզաբանմանը,  Առաջնորդարանում գտնում են, որ այն բավարար չէ: Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում՝ Օսմանյան կայսրությունում սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակին նվիրված պատարագին մասնակցել են նաեւ Հայաստանի Գերագույն Առաջնորդարանի տաճարական ասպետների պատվիրակության անդամները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031