Հայոց զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձը Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում նշվեց ռազմական շքերթով, որին մասնակցում էր ՊՆ Շիրակի կայազորի զորամասերից մեկը:
Չնայած այսօրվա սարսափելի ցրտին (շքերթը սկսելու պահին Գյումրիում -25-26 աստիճան էր)՝ զորահանդեսից բացի բեմադրվեց մարտական գործողության տեսարան, մարտարվեստի սաների հետ համատեղ ցուցադրվեցին զինավարժանքներ և ձեռնամարտի հնարքներ: Զինվորական շքերթն ավարտվեց զինվորական դաշտային խոհանոցում պատրաստված կերակուրների մատուցմամբ ու համտեսմամբ:
Վարդանանց արձանախմբի մոտ սեղան էին գցել: Նշենք, որ մարզային բարձրաստիճան պաշտոնյաներից մասնակցում էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր անձնակազմով, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը. Ֆելիքս Ցոլակյանը մեկնել էր Երեւան:
Ընդհանուր առմամբ այսօր քիչ թվով մարդիկ էին մասնակցում զինվորական շքերթին. պատճառն ամենայն հավանականությամբ ինչպես ցուրտն էր, այնպես էլ զինտեխնիկայի ցուցադրության բացակայությունը: Նկատենք, սակայն, որ տարվա ամենացուրտ օրը չէր խանգարել քաղաքի մուրացկաններին շքերթին ներկայանալու ու պաշտոնյաներից օգնություն ակնկալելու:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ