Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակի կենացը խմելու փոխարեն…»

Հունվար 28,2016 15:38

«Բանակը մեր տունն է, և պետք չէ վախենալ տուն գնալուց կամ փնովել նրան»,- ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը:

«Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի օրը, հյուրընկալվել էին Յուրի Միքայելյանը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ Արագած Մկրտչյանն ու Ռաֆիկ Ղազինյանը:

Նրանք ասացին, որ հաճախ են լինում զորամասերում, տոները սովորաբար զինվորների հետ են նշում, չեն խուսափում նաև խորհուրդներ տալուց: Վստահեցնում են, որ իրենց այցերն ու խորհուրդները էլ ավելի են բարձրացնում մեր զինվորների մարտական ոգին:

Պատերազմի օրերի մասին խոսելիս Ռաֆիկ Ղազինյանն այսպիսի մի տեսարան է հիշում. «Չէինք կարողանում գրոհից առաջ քնել: Խարույկի շուրջ նստած մտածում էինք՝ անհնար է, որ առավոտյան այդ գրոհից հետո զոհ չունենանք: Ու այդ ժամանակ տղաների հայացքներին հետևելիս նկատում էիր, որ յուրաքանչյուրն իր հայացքն ուղղում է ամենամոտ ընկերոջ կողմը՝ մտածելով՝ առավոտյան հանկարծ նա չզոհվի»:

Այսպիսի մի պահի էլ Ռաֆիկ Ղազինյանի մեջ ծնվել են «Ում խեղճ մոր երազն է ընդհատվել. Առավոտ ինչ զոհ է լինելու, Առավոտ գրոհ է լինելու, Լուսինը կարմիր է հագել…» բանաստեղծական տողերը:

«Իրոք, երբ արդեն պիտի հարձակում լիներ, դիմացիդ բարձունքը գրավեիր, ու լուսինը կարմրած էր լինում, սարսուռ էր անցնում մարմնովդ. եթե լուսինը կարմրել է, ուրեմն զոհ կտանք այդ մարտում: Բայց, փառք Աստծո, հիմնականում մի քանի վիրավորներով պրծնում էինք»,- պատմեց Յուրի Միքայելյանը:

Իսկ Արագած Մկրտչյանը, որին իր ուժի, քաջության համար Բոնդո մականունն են տվել, հիշեց, թե ինչպես է իր ձիուն անցկացրել գետը. «Ձիերով գետն էինք անցնում, ու հանկարծ իմ ձին ընկավ: Առանց խառնվելու իրար, բարձրացրի նրան ուսերիս ու անցա գետը»:

Բանախոսները վստահեցնում են, որ մենք այսօր հզոր բանակ ունենք, սակայն ավելի հզորանալու տեղ միշտ էլ կա:

Ռաֆիկ Ղազինյանը, օրինակ, առաջարկում է հաշվեհամար բացել. «Եթե մեզանից յուրաքանչյուրն իր աշխատավարձի կամ եկամտի մեկ տոկոսը փոխանցի այդ հաշվեհամարին, դրանից իր տան բյուջեն ծանր կորուստ չի ունենա, բայց ամենամսյա այդ մեկ տոկոսը կարող է մեր բանակին ավելի հզորացնել: Բանակի կենացը խմելու փոխարեն, եկեք ամեն ամիս այդ մեկ տոկոսը փոխանցենք մեր բանակին»,- ասաց ազատամարտիկն ու ընդգծեց, որ եթե հաշվեհամարը բացվի, այդ փոքրիկ գումարի առաջին փոխանցողն ինքը կլինի:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031