Ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ապահովված ընտանիքների երեխաներն առաջնագծում չեն
Օրերս լրագրողներից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել էր`ինչպե՞ս է պատահում, որ սահմանններում, առաջին գծում, զինծառայություն են անցնում եւ մահանում են բացառապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաները: Նախարարը պատասխան չէր գտել:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում այդ նույն հարցը լրագրողները տվեցին բանակաշինության ակունքներում կանգնած գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանին: Խոսելով զինակոչի գործընթացում սոցիալական արդարության մասին՝ նա ասաց, որ հենց նման բաների համար է նախանձով նայում իսրայելցիներին. «Իսրայելում այն տղամարդը, որը բանակում չի ծառայել, նրան աղջիկ չեն տալիս: Ասում են` կամ հիվանդ է կամ գունավոր: Որովհետեւ բանակում չծառայած անձնավորությունը իրավունք չունի պետական որեւէ պաշտոն զբաղեցնելու: Դա այնքան բանակի, մի քանի կաշառակեր վայենկոմի խնդիրը չի, որքան հասարակության: Դրա համար եմ ասում, որ պետական գործառույթներ կան, որոնց համար բանակին ենք մեղադրում, բայց պետության եւ հասարակության խնդիրն է: Իսրայելում աղջիկը զենք ունի է: Դա ձեւ չի, դա ապրելակերպ է»:
Այս համատեքստում նա հիշեց`մի անգամ Վազգեն Սարգսյանին մեկն ասել էր, որ Ղարաբաղ գնացող ավտոբուսից իր բարեկամներից մեկը զինվոր էր հանել. «Չեք պատկերացնում՝ ինչ իրավիճակ էր: Հետեւից գնաց, գտավ այն զինվորին, որին իջեցրել էին, իր ավտոբուսը դրեց, անողին էլ, ուղղակի անհարմար եմ զգում ասել, թե ինչ արեց: Համակարգային մոտեցումների հետ միասին նաեւ անձնական օրինակներով է պետք գործել»:
Կարդացեք նաև
Նա հիշեց, որ պատերազմի տարիներին իրեն էլ է մի անգամ հարցրել, թե որտե՞ղ է ծառայել իր տղան: «Ասեցի`Հրազդանում: Ասեց`բա ինչո՞ւ: Ասեցի`պատկերացնո՞ւմ եք իրեն բերեի ինձ մոտ ծառայելու` Սդղի գյոլի շտաբում. ի՞նչ պիտի ծառալեր: Կամ դնեվալնի պիտի դնեի կամ ինձ համար կոֆե սարքող: Ավելի լավ է`աչքիցս հեռու: Էն ժամանակ մի քիչ ավելի խիստ էր, բացահայտ չէր, ինչպես հիմա, որ երբեմն նկատում ենք»:
Խոսելով բանակաշինության մասին, Սուրեն Աբրահամյանն ասել էր, որ սկզբում իրենց հաջողվեց բանակն ապաքաղաքականացնել : Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`բանակն հիմա է՞լ է ապաքաղաքական: «Եթե նկատի ունեք, որ շարված գնում ընտրում են….»,- հեգնական ժպիտով ասաց բանախոսը՝ հավելելով. «Սեյրան Օհանյանն իրեն շատ կարգին է պահում: Ոնց որ մեր ժամանակ էին շարված գնում եւ ընտրում, հիմա էլ է լինում, բայց իր վարքագիծը բռնակալի չէ»:
Խորհրդարանում գեներալների առկայության մասին հարցին էլ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Խորհրդարանի 70 տոկոսն իրենց տեղում չեն, միայն նրա՞նց տեսաք: Նրանք գոնե այս երկրի համար ունեն արած գործ»: Բանախոսը հիշեց, որ ժամանակին Վազգեն Սարգսյանն ասել էր. «Եթե ուզում եք, որ երկրապահական շրջանակները քաղաքականությանմբ չզբաղվեն` ես պիտի զբաղվեմ»: Իշխանության տարբեր մակարդակներում գտնվող նախկին ազատամարտիկները, գեներալները հարգանքի արժանի մարդիկ են. «Նրանց դիրքերում տեսնեիք: Ձեզ թվում ա՝ Չապաեւը ո՞նց ա եղել»: Նա այլ հարց է համարում, որ նրանք իրենց «ծանր տեղը թեթեւացրին». «Որոշակի պարտադրանք կա, գուցե, բայց իրենք են իրենց ընտրությունը կատարել: Նրանց կենսագրության այդ պահը… կերպարը ձեւավորում են, թողնում են էնտեղ, սարերում»: Ամենով հանդերձ՝ Սուրեն Աբրահամյանը նաեւ նրանց մեղավորությունն է համարում երկրապահի այս ողբալի վիճակը ու հիասթափությունը:
Մի բան է միայն հույս ներշնչում Սուրեն Աբրահամյանին. «Աճն ու առաջընթացն անուրանալի է: Խոսքը մի քանի հղփացած գեներալների մասին չէ, դրա համար պետությունը հոգածության տակ պիտի պահի բանակը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ