Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ. «Հայրենասերի» տեսակ կա, որ երեխաներին փախցնում է արտասահման» (Տեսանյութ)

Հունվար 28,2016 14:57

«Անկախության տարիներին շատ արժեքներ կորցրեցինք, բայց պահպանեցինք բանակն ու ազատագրված Արցախը: «Հայրենասերի» տեսակ կա, որ երեխաներին փախցնում է արտասահման եւ այստեղ «հայրենասեր» աշխատում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա այն մտավորականներից է, որոնք պարբերաբար այցելում են դիրքեր եւ հանդիպում զինվորների հետ:

«Պաշտպանության նախարարության գնդապետ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ մի խումբ արվեստագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, մտավորականներ տարին չորս անգամ գնում են Արցախ: Առավոտյան մեզ բաժանում են խմբերի, հանդիպում ենք զինվորների հետ եւ դասախոսության կամ զրույցի ձեւով հանդիպումներ ունենում, խոսում հայրենիքի, ծառայության եւ պետության մասին: Ես պատմում եմ, թե ինչպես են հայ գրողները մասնակցել պատերազմներին»,-ասաց Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ զինվորների հետ զրույցներն անկեղծ են, կրում են ճանաչողական բնույթ. «Միշտ խնդրում եմ, որ ինձ ամենահեռու զորամասերը տանեն: Մի անգամ հերթական հանդիպումից հետո երկու երիտասարդներ մոտեցան ինձ եւ ասացին՝ խնդրում ենք, մեր ղեկավարությանը խնդրեք, որ մեզ տանեն առաջին գիծ, հո չե՞նք եկել թիկունքում ժամանակ անցկացնելու… Այդպիսի հանդիպումները ոգեւորում են մեր զինվորներին»:

Գրականագետի համոզմամբ՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում գուցե Երրորդ համաշխարհայինը վաղուց է սկսվել, պարզապես այդ մասին չի հայտարարվում. «Պետք է պատրաստ լինել, որովհետեւ շատ արագ կարող են փոփոխություններ լինել: Ամեն ինչ պետք է անել մեր բանակը հզորացնելու եւ ամրացնելու համար: Զինատեսակներն ուրիշ բնագավառ են, բայց մենք յուրաքանչյուրս կարող ենք բանակի ոգին բարձր պահել: Դա մեծ եւ կարեւոր զգացողություն է: Ուզում եմ մեր տղաներին ասել՝ ապրեք, ձեր թիկունքը դատարկ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031