Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ամալյան. «Ջոկատում մեզ «ճուտ» էին ասում» (Տեսանյութ)

Հունվար 28,2016 13:58

«Բանակի կազմավորման մասին խոսելը կոմպետենտ չեմ համարում: Մասնակից եմ եղել այնքանով, որքանով…»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:

Թեեւ նա խուսափում էր իր մարտական ուղու մասին խոսել, այնուամենայնիվ, պատմեց, որ «Ճտերի» ջոկատի անդամ է եղել. «Մեր ջոկատն ամենակրտսերն էր, այն կազմավորվել էր Աֆղանական պատերազմին մասնակցածներին կից: «Ճտերի» ջոկատ էին ասում… 15-16 տարեկան էինք: Մինչեւ հիմա ջոկատի մեծերը մեզ որ տեսնում են՝ «ճուտ» են ասում: 14 զինակիցներիցս 3-ը կյանքից հեռացել են: Զոհրաբյանը՝ «Ցուլը», Մատաղիսի ազատագրման ժամանակ զոհվեց: Պատերազմի ավարտից հետո՝ 1995 թվականին, Գարեգինը մահացավ սրտի կաթվածից»:

Հարցին, թե ինչպե՞ս էր անցնում առօրյան ռազմաճակատում, երաժիշտը կատակելով ասաց. «Շատախոսում էինք… Իրականում խնդիր էր դրված՝ չլուսաբանվել որպես ինչ-որ գործ անող: Դա մենք էլ էինք հասկանում, քանի որ ճոխությամբ ներկայացվում եւ լուսաբանվում են հիմնականում նրանք,  ովքեր ոչինչ չեն արել: Խնդիր էր դրված կյանքում զինվորական հագուստով Երեւանում չերեւալ: Բայց բացառություններ եղել են, երբ ստիպված ենք եղել լուսանկարվելու համար գալ Երեւան: Այսօր, երբ զինակիցներով հավաքվում ենք, միշտ հումորով ենք հիշում անցած ճանապարհը: Դա իմ եւ ընկերներիս համար «հեքիաթային» անցյալ է, որը չենք ուզում կրկնվի: Այդ «հեքիաթում» չարը չար էր, ուժեղն էլ բարին էր»:

Շատ հայորդիների պես Դավիթ Ամալյանի ծնողները եւս չգիտեին, որ որդին Արցախյան պատերազմին է մասնակցում. «Բոլորս էլ մեր ծնողներին սփոփել ենք: Նրանց կողմից արգելելը անվտանգության արտահայտման միջոց էր: Համոզված եմ, որ մեր ծնողները թաքուն հպարտացել են»:

Բանախոսն անկեղծացավ, որ ինքն ընդամենը երգեր է գրում եւ ոչնչով չի տարբերվում ազատամարտի մյուս մասնակիցներից. «Հայրենասիրությունը եւ այլ գաղափարախոսությունները կտրում են իրական գործից: Մեր հասարակ կենցաղով ապրող տղաները, որոնք ուսանողներ չեն, կարդացած չեն, գնում հասնում են դիրք եւ դառնում մտավորական: Մեր դեպքում՝ դիրքում կանգնած տղան մտավորական է: Տա Աստված, որ նա խաղաղությամբ վերադառնա: Դիրքում կանգնել՝ նշանակում է տեր լինել քո երկրին եւ խաղաղությանը: Մեր ամեն ինչը դիրքում կանգնած տղան է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031