Այսօր Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն էին այցելել բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով տոնը՝ ասաց. «Իրոք, մեր ժողովրդի համար հպարտություն է մեր բանակը: Մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին շնորհավորում եմ այս օրվա առիթով, նաեւ ուզում եմ մեր ողջույնի խոսքը հղել այն զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանը, մեր երկու երկրների անվտանգությունը»:
Նա չպատասխանեց կառավարությունում օպտիմալացման հետ կապված հարցերին:
Կարդացեք նաև
Վարչապետին մոտեցավ մի կին ու ներկայացավ. «Ես հաշմանդամի մամա եմ, տղես հիմա Գերմանիայում է, իր թոշակը կասեցրել են: Ես ձեզ նամակ եմ գրել»:
Հովիկ Աբրահամյանը լուռ լսեց կնոջը, հետաքրքրվեց՝ ինչքա՞ն ժամանակ է Գերմանիայում է:
Կինը պատասխանեց, որ մեկ տարի է:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ կօգնեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը չարձագանքեց որեւէ մեկի կանչին: Նույն կինը նախագահի հետեւից նամակը ձեռքին բղավեց. «Ես հաշմանդամի մամա եմ, մի րոպե լսեք»: Նախագահը մնաց անհաղորդ՝ խուսափելով անցանկալի միջադեպերից: Նա չպատասխանեց նաեւ լրագրողների հարցերին՝ ՀՅԴ-ի, արտագաղթի հետ կապված, պարզապես շրջվեց լրագրողների ուղղությամբ եւ ասաց. «Շնորհավորում եմ»:
Մի տարեց կնոջ միայն հաջողվեց Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել: Նախագահը լսեց այդ կնոջը, որովհետեւ միայն գովում էր. «Ձեզ վստահում եմ, պարո՛ն նախագահ, ազնվությամբ վստահում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ