Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Ամուր եղեք, մենք դեռ չավարտված պատերազմ ունենք»

Հունվար 28,2016 12:56

«Մեր իրականության ամենապայծառ օրերից մեկն է, երբ կարող ես մի կողմ դնել քո քաղաքական հայացքները, չհասկացվածությունը եւ սրտանց ուրախանալ: Սա այն բացառիկ բնագավառն է, որտեղ մենք հաջողություն ունեցանք, ուրախանալու առիթ ունեցանք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում բանակի օրվա առիթով իր կարծիքը բարձրաձայնեց նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը: «Շնորհավորում եմ բոլորին այս հրաշալի օրվա առթիվ` սկսած շարքային զինվորից, վերջացրած ՊՆ-ով: Ամուր եղեք, մենք դեռ չավարտված պատերազմ ունենք»,- ասաց նա` հավելելով, որ դեռ բանակի շնորհիվ ենք պահում խաղաղությունը եւ եթե այս կարգի բանկ չունենայինք, ոչ ոք չէր նստի բանակցային սեղանի շուրջ: «Գլուխ եմ խոնարհում Եռաբլուրի առջեւ»,- ասաց նա:

Խոսելով արդեն բանակաշինության մասին՝ Սուրեն Աբրահամյանը նկատեց, որ երկրապահի, ազատամարտիկների տքնաջան աշխատանքով, որին միացան նաեւ բանակաշինության շատ նվիրյալներ, մենք այսօր ունենք մարտունակ, արդեն գիտական հիմքերի վրա կանգնած բանակ: Նրա կարծիքով, պատերազմի թեժ տարիներին, սիրողական, էմոցիոնալ պոռթկումով, բոցաշունչ կրակների միջից հնարավոր եղավ համադրել պրոֆեսիոնալներին. «Ի պատիվ Սպարապետի եւ մյուս զորահրամանատարների, խնդիրը լավ ու խելոք լուծում ունեցավ: Ես անձնապես շնորհավորում եմ Գրետա եւ Զավեն Սարգսյաններին, որովհետեւ երեք տղաներից բացի՝ բանակն էլ էր նրանց զավակը: Ես չեմ պատկերացնում ֆրոնտ գնացող, նոր մկրտում ստացող մի հրամանատար, որը տիկին Գրետայի պատրաստած տոլման ճաշակած չլինի: Աստված թող նրանց միշտ լավ աչքերով նայի:

Սուրեն Աբրահամյանը կուրծք չի ծեծում, մեծամեծ բաներ չի խոսում: Ընդամենն ասում է, որ բանակաշինության գործում ինքն իր համեստ դերակատարումն է ունեցել: Հիշում է, որ Սյունիքում բավական լուրջ խնդիր ունեին լուծելու, քանի որ Ղարաբաղում ավելի շատ զենք, զինամթերք, կռվող տղաներ ենք ունեցել, քան Հայաստանի սահմանամերձ այդ գոտում, որտեղ թշնամին ասպատակում էր, թեեւ հիմնական պատերազմական գործողությունները Ղարաբաղում էին ընթանում:

«Աննկարագրելի մթնոլորտ կար, հավատի շշմելի զգացում: Մենք կարողացանք ապաքաղաքականացնել հրացան բռնող մարդու բնույթը, կեցվածքը: Աստված մի արասցէ, եթե քաղաքական կուսակցությունները մտնեին բանակ: Սկզբում նման փորձ եղավ, ստացվեց չեզոքացնել, քանի որ բանակում անկախ նրանից, թե ո՞վ ես, ի՞նչ ես` հայրենիքի նվիրյալ ես»,- հիշողությունները ներկայացրեց բանախոսը` հավելելով` եթե պետական մտածողություն չլիներ պատերազմը հաղթելու եւ բանակաշինության գործը պատվով տանելու խնդրի հետ կապված, ժողովուրդը սատար չկանգներ, եթե երեւանցին այստեղ զրկանքները չկրեր ցուրտ ու մութ տարիներին, որ իր որդին այնտեղ`ճակատում, հերոսանար, ոչ մի կուսակցություն ոչ մի գյուղ չէր կարող ազատագրել:

«Օրվա հերոսը չավարտված պատերազմի պայմաններում քո զինվորը պետք է լինի: Եթե չես ուզում օտար զինվորին կերակրել, քո զինվորին կերակրիր»,-ասաց Սուրեն Աբրահամյանը` նկատելով, որ հաճախ պետությանը բնորոշ գործառույթները պահանջում են բանակից, մինչդեռ բանակը կառավարման համակարգում ընդամենը մի օղակ է, որն իր յուրահատուկ գործառույթներն է կատարում:

Նա չցանկացավ խնդիրներին անդրադառնալ այս օրը, խնդիրներից այլ առիթով կխոսի. «Ես չգիտեմ ի՞նչ միջոցառումներ են անում, մեզ հրավերքներ չեն ուղարկվում, բայց այս օրը պիտի տոնի վերածենք, քանի որ դատապարտված ենք այս աշխարհաքաղաքական միջավայրում ապրել եւ դեռ հույսով ու հավատով ապագային նայել»:

Սուրեն Աբրահամյանը հիշում է, որ փետրվարի 23-ը խորհրդային միությունում, բանակի ու զինվորի օր չէր, տղամարդու օր էր. «Մենք էլ մեր տղամարդու օրը պիտի ունենանք: Ժամանակին Իսրայելի բանակը, նրա կառուցվածքը շատ եմ ուսումնասիրել, շատ եմ նախանձել, որ այդ մթնոլորտը մենք մեր Հայաստանում չկարողացանք ստեղծել: Էդ կռվելը, ապրելն ու մեռնելը մեր կենցաղը պիտի դառնա: Դա պիտի սովորական բան դառնա`առանց ճղճիմ բաների, կուրծք ծեծելու, տանկի վրա նկարվելու: Մեր ունեցած հնարավորության պարագայում էլի հնարավոր է արդարության սկզբունքը պահել: Ամենացավալին այն է, որ հրամցնում են բաներ`ո՞վ է կռվել, ի՞նչ է կռվել, նայում եմ ու ոչ մեկին չեմ կարողանում ճանաչել: Շատ դեպքերում նրանց քրտնելը միայն փախցրած փողն է եղել, այնքան շատ է եղել, ծանր է եղել, որ քրտնել են: Այս երկրի համար ոչինչ չեն արել, մեկ էլ տեսնում ես թե որտեղ են…նաեւ իշխանության վերնախավում: Բայց այդ մասին մեկ ուրիշ օր կխոսենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031