Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել էր Եռաբլուրի պանթեոն՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց. «Մեր սպասավորները, մեր հոգեւորականները փորձում են նպաստել, որպեսզի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ լինի բանակում, սերն ամրանա, արիության, քաջության ոգին կերտվի եւ մեր զավակունք բարձր գիտակցությամբ եւ քաջությամբ լծվեն հայրենիքի պաշտպանության սրբազան գործին»:
Հարցին՝ հաճախ հոգեւոր առաջնորդների ցոփ ու շվայտ կանքը հանրության ուշադրության կենտրոնում է, ի՞նչ պիտի անի հոգեւորականը՝ հանրության աչքում համեստ երեւալու համար՝ կաթողիկոսը պատասխանեց. «Մենք համամիտ չենք նման գնահատականի, որ հոգեւոր առաջնորդները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Կարծում ենք, որ դա ավելի շատ շահարկում է, քան իրականության հետ որեւիցե առնչություն ունի: Իսկ եթե նման պարագաներ կան, անշուշտ, մեր կողմից անհրաժեշտ ցուցումները եւ առաջնորդությունը տրվում է»:
Մեր հարցին՝ իշխանավորները չե՞ն հեռացել հոգեւոր աշխարհից՝ կաթողիկոսը պատասխանեց. «Մենք չենք կարող նման գնահատական հնչեցնել, որովհետեւ մենք որեւիցե անձի հոգու, ապրումի, նրա հավատքի զգացումի քննողը չենք: Մենք փառք ենք տալիս, որ այցելում են եկեղեցի, աղոթք են բարձրացնում եւ խրախուսում են եկեղեցաշինությանը մեր երկրում»:
Կարդացեք նաև
Երբ լրագրողները հետաքրքրվեցին կաթողիկոսի բիզնեսներից՝ նա արձագանքեց, որ այդ մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ այդ հարցի պատասխանը լավ գիտենք:
Հարցին ի պատասխան՝ HSBC բանկում հաշիվներ կային, որոնք գրանցված էին Ձեր անվամբ՝ կաթողիկոսը նախ ժպտաց, հետո մեկնաբանեց. «HSBC բանկում եղել է մի գումար, որը նվիրատվություն է եղել բարերարի կողմից երջանկահիշատակ մեր նախորդին: Նախորդի վախճանումից հետո այդ հաշիվը փոխարկվել է մեր անվամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ