Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Երախտագիտությունս եմ հայտնում այն մայրերին, որոնց ծնած սպան ծնողի նման է վերաբերվում իր զինվորին»

Հունվար 28,2016 12:33

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:

Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է:

Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է:

Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, խաղաղության երաշխավորը. նա խաղաղության բանակն է:

Նա այն բանակն է, որին հավատում ենք առանց վերապահման եւ առանց ձեւականության՝ նրա պահպանությանը հանձնելով ոչ միայն մեր հողը, այլեւ մեր հավատքը. նա մեր հավատի ու հավատքի բանակն է:

Նա այն բանակն է, որին վստահել ենք մեր տունն ու ընտանիքը. նա մեր վստահության բանակն է:

Նա այն բանակն է, որ ծնվել է պետության միջոցով, ժողովրդի միջից եւ հասարակության մեջ. նա մեր պետության, ժողովրդի, հասարակության բանակն է, բոլորիս բանակը, մեր ունեցած բոլոր տեսակի հարստություններից ամենաթանկը:

Նրա յուրաքանչյուր զինվորի ու սպայի արժանապատիվ ծառայության, իր կյանքը նվիրաբերած յուրաքանչյուր հերոսի շնորհիվ ենք ապահով համարում մեր երկիրն ու ապահովագրված՝ ապրելու մեր իրավունքն ու հնարավորությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ երախտագիտությունս եմ հայտնում եւ լավագույն բարեմաղթանքներս հղում հատկապես այն երիտասարդներին, ովքեր այսօր զինծառայության մեջ են, այն ծնողներին, որոնք զինվոր են տվել հայրենիքին, ցավոք, հաճախ անվերադարձ, բայց հավերժական փառք ու պատվով պսակված, այն ընտանիքներին, որտեղ ապագա զինվոր է մեծանում, այն մայրերին, որոնց ծնած զինվորը մոր նման է ընդունում հայրենիքը, որոնց ծնած սպան ծնողի նման է վերաբերվում իր զինվորին, այն հայրերին, որոնց զինվորական զավակները հայրաբար են գնահատում զինվորին, այն քույրերին ու եղբայրներին, որոնք հարազատի պես են նայում յուրաքանչյուր զինվորի՝ նրա մեջ իրենց արյունակցին տեսնելով:

Շնորհավորում եմ բոլորիս՝ շնորհակալ լինելով մեր բանակին, նրա զինվորին եւ սպային` անվտանգ երկրի, նրա հանդեպ չմարող հույսի, անսասան հավատի ու չվերջացող սիրո համար:

Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031