Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ փաստաթղթում խոսվում է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումների մասին. «ՉԻ»

Հունվար 28,2016 12:25
exxv

Մինչ քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի շուրջ զարգացումները (ինչպես հայտնի է, նախօրեին երկու բանաձեւերից մեկն ընդունվել է, մյուսը՝ մերժվել), ԵԽԽՎ-ում Հայաստանի հետ կապված մեկ այլ կարեւոր փաստաթուղթ է ընդունվել, որն առնչվում է 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Շվեյցարացի Անդրեաս Գրոսսի հեղինակած այդ փաստաթղթում բավական կոպիտ գնահատականներ են հնչեցված Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած օրինախախտումների մասին։

ԵԽԽՎ զեկույցում նշված է, որ իրենց դիտորդներր հանրաքվեի օրը եղել են Երեւանում, ինչպես նաեւ Արարատի ու Արմավիրի մարզերում։ Եվ ահա այնտեղ նրանք արձանագրել են բազմաթիվ օրինախախտումներ, որոնք իրենց իսկ գնահատմամբ, չէին կարող չազդել գոնե այդ ընտրատեղամասի արդյունքների վրա։ Մասնավորապես, ԵԽԽՎ պատվիրակներն ուշադրություն են հրավիրել ընտրացուցակների վրա՝ ընդգծելով, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների անուններն այնտեղ ներառելով հնարավորություն է ստեղծվում, որ ուրիշները նրանց փոխարեն քվեարկեն։ ԵԽԽՎ փաստաթղթում խոսվում է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումների մասին։ Անդրադարձ կա «կարուսել» կոչված ընտրակեղծիքներին, ինչպես նաեւ ընտրակաշառքի դեպքերին։

ԵԽԽՎ-ն գնահատականներ հնչեցնելուց հետո Հայաստանի իշխանություններից պահանջել է շտկել առկա խնդիրները՝ ընտրությունների հանդեպ հասարակական վստահությունը բարձրացնելու համար։

«ՉԻ» հետ զրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը նշեց, թե այս փաստաթղթում ոչ միայն պահպանվել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության նախնական զեկույցում առկա քննադատական գնահատականները, այլեւ դրանք նույնիսկ խստացվել են։ «Սա միանգամայն սպասելի էր։ Այլ բան չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով հանրաքվեի ընթացքը»,- ասաց պարոն Կարապետյանը։

ՀԱԿ վարչության անդամի կարծիքով, այդ փաստաթղթում առկա գնահատականներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի քվեարկության ժամանակ։ «Նման բացասական վերաբերմունքը չէր կարող անհետեւանք մնալ եւ որոշակի մթնոլորտ չձեւավորել Հայաստանի շուրջ»,- նշեց նա՝ հավելելով, որ այս ամենի պատասխանատուն իշխանություններն են։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031