Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոլմամայի» գործով կեղծիք են արել, որ արագ վճիռ կայացվի. «Հայկական ժամանակ»

Հունվար 28,2016 11:22

Երեւանի ամենահին շենքերից մեկը համարվող «Դոլմամա» ռեստորանը, որ ընդունել է Հայաստան եկած բոլոր հնարավոր աշխարհահռչակ հյուրերին (Շարլ Ազնավուր, Վլադիմիր Պուտին, Նիկոլա Սարկոզի, Հիլարի Քլինթոն, Ժակ Շիրակ, Ֆրանսուա Օլանդ, Խուլիո Իգլեսիաս, Ժերար Դեպարդիե, Վլադիմիր Սպիվակով, Սերգեյ Լավրով, «Սիսթեմ օֆ ը դաուն», Քիմ Քարդաշյան…), այսօր, ինչպես հայտնի է, քանդման եզրին է։

«Լոկալ Դեվելոփերս» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը շահել է Կառավարության հայտարարած տենդերը եւ պատրաստվում է շուրջ 100 տարվա պատմություն կրող շենքերի տեղում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել։

«Դոլմամա» ռեստորանի սեփականատերը դատական հայց է ներկայացրել եւ վեճի մեջ է գտնվում Սամվել Մայրապետյանի ընկերության հետ։ Երեկ պարզվեց, որ իշխանական օղակների շահագրգռվածությունը այնքան մեծ է, որ նույնիսկ դատական կեղծիքի են գնում՝ գործն արագ փակելու եւ շենքը քանդելու համար։ Հետաքրքիր տեղեկություններ հայտնեց «Դոլմամա» ռեստորանի սեփականատերերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը։

– Արդեն մի քանի ամիս է դատաքննություն է ընթանում, սակայն իմ վստահորդները Հայաստանում չէին։ ՀՀ գալով, նրանք հրաժարվել են փաստաբանից։ Այս հունվարին պայմանագիր եմ կնքել, որ ես եմ ներկայացնում նրանց։ Հունվարի 19-ին նշանակված էր դատաքննություն: Հունվարի 18-ին դատարանին դիմել եմ նիստը հետաձգելու խնդրանքով՝ ներկայացնելով գրասենյակ համապատասխան դիմում եւ կից փաստաթղթերը։ Դատարանը առանց ինձ իրականացրել է դատաքննություն եւ ըստ datalex-ի, փետրվարի 3-ին նշանակել վճիռների հրապարակման օր։

Այսօր ծանոթացա գործի նյութերին եւ պարզեցի, որ դատարանի գրասենյակը չգիտես ինչու իմ դիմումների վրա նշել է, որ դրանք ստացվել են հունվարի 19-ին, այլ ոչ թե 18-ին, եւ դատաքննության ավարտից հետո։

Մատիտով դիմումի վրա նշված է, որ ես դիմումը ներկայացրել եմ 13։50–ի սահմաններում, այսինքն ընդմիջման ժամին։ Դա սուտ է, քանի որ Կենտրոնի դատարանի գրասենյակը ընդմիջման ժամին չի աշխատում եւ հետեւաբար դիմում չէր կարող ընդունել։

Ստացվում է, որ կեղծիք են արել, որ արագ վճիռ կայացվի, կարողանան արագ այդ մարդկանց սեփականությունը վերցնեն։

Ս. Պ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031