Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Եղիազարյան. Մեր բանակը պատերազմով ձեւավորվեց

Հունվար 28,2016 11:35

«Իրականում, այս օրը պաշտպանության նախարարության հիմնադրման օրն է, ոչ թե Հայոց բանակի, որովհետեւ Հայոց բանակի ակունքները շատ ավելի խորքային են»,- Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Սպուտնիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ, Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը:

Նա նշեց, որ Հայոց բանակի կազմավորումը մի քանի փուլով է իրականացել. առաջին փուլը կամավորական շրջանն էր, որն ավարտվել է 1992 թվականի հունիսին: Ըստ նրա, կամավորական շրջանը դատապարտված էր, որովհետեւ ոչ ոք ոչ ոքի չէր կարող պարտադրել, եւ Շուշիի ազատագրումից հետո շատերը մտածեցին, որ առաքելությունն արդեն ավարտվել է եւ գլխավոր խնդիրը լուծված է, այդպես շատ խմբեր կազմալուծվել են:

Հաջորդ փուլը այն ժամանակ էր, երբ ձեւավորվում էին կազմակերպված կամավոր ստորաբաժանումներ. «Այս երկրորդ փուլը միջանկյալ փուլ էր, որովհետեւ այդ բանակը ձեւավորվում էր նույն այդ կամավորականների հիման վրա, այդ ժամանակ չկար զորակոչ: Սա պետական հստակ քաղաքականություն էր, այսինքն՝ երիտասարդ, նոր կյանք մտնող սերունդին հեռու պահել, որովհետեւ մեր բանակը հենց ձեւավորման պահից պատերազմի մեջ է, ինքը պատերազմով ձեւավորվեց: Այս կամավորական ջոկատների եւ անձերի հիման վրա ձեւավորեցին առաջին կանոնավոր ստորաբաժանումները, եւ այդ փուլում էր, որ եռամսյա հավաքներով բանակը սկսեց համալրվել նախկին քաղաքացիական կյանքից, նախկինում՝ խորհրդային տարիներին, զինվորական ծառայություն անցած մարդկանց միջոցով»:

Արթուր Եղիազարյանը համարում է, որ 1994 թվականի զինադադարից հետո սկսեց երրորդ փուլը, որը շարունակում է մինչեւ օրս, երբ բանակը սկսեց հենվել 18-20 տարեկան զինակոչի վրա. «Այսօր ունենք մի բանակ, որը կարելի է ասել, պրոֆեսիոնալ է: Բանակի գնահատման լավագույն միավորը նրան գնահատելն է իր գործողություններով: Վերջին երկու տարիների ընթացքում, իհարկե՛, ունենալով նաեւ ցավալի կորուստներ, մենք տեսանք, որ իսկապես ունենք բանակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031