Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ գործողությունների» առաջին թիրախը Սարսանգի հանգույցն է. «Հրապարակ»

Հունվար 28,2016 10:47

ԵԽԽՎ-ում ընդունվել է «Սարսանգի բանաձեւը»։ ԵԽԽՎ-ն փաստում է, որ Ադրբեջանի «սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկվում են ջրից»։  Կարելի է մի քիչ հումոր խաղալ եւ զեկուցողին հարցնել. «Տիկին Մարկովիչ, ո՞ր երկրին են սահմանակից այդ շրջանները», ինչին, ըստ երեւույթին, նա կդժվարանա պատասխանել։

Հազիվ թե նա կարողանա թվարկել նաեւ «ջրազուրկ» շրջանները կամ մատնանշել դեպք՝ անցած բոլոր տարիների կտրվածքով, երբ այդ շրջաններում կամ դրանցից գոնե մեկի թեկուզ մեկ առանձին բնակավայրում «ջրազրկության» պատճառով արձանագրված լինի հումանիտար աղետ։ Նման դեպք չեն կարող մատնանշել նաեւ Ադրբեջանի իշխանությունները։ Քանի որ Սարսանգի ջրամբարը ժամանակին կառուցվել է ոչ թե մարդկանց կենցաղային ջուր մատակարարելու, այլ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանների գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման նպատակով։ Պատերազմի հետեւանքով ցանցը քայքայվել է, ջրաբաշխիչ կայանը գտնվում է ադրբեջանական վերահսկողության գոտում։ Իրականությունը սա է։

Բայց կա նաեւ խորքային իրականություն, որն իր թողարկված դրսեւորումն է գտել Միլիցա Մարկովիչի զեկույցում։ Խոսքը Սարսանգի ամբարտակի մասին է։ Մտահոգություն է հնչեցվում, որ այն կառուցվելուց ի վեր հիմնանորոգման չի ենթարկվել, հայտնի չէ, թե տեխնիկական վերահսկողության ինչ միջոցառումներ են իրականացվում, ինչը կարող է դառնալ «տեխնոգեն աղետի պատճառ»։ Ադրբեջանական կողմը նույնիսկ հաշվարկներ ունի, թե «տեխնոգեն աղետի դեպքում» ինչ տարածքներ կարող են հայտնվել ջրասուզման վտանգի տակ։

Ադրբեջանի նպատակադրվածությունը բացահայտվում է հենց «տեխնոգեն աղետի» վարկածով։ Ըստ էության, դա Արցախի դեմ պատերազմի վերսկսման ռազմավարության բաղկացուցիչ է։ Այդպես է եղել 1992– ին, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կանգ է առել Արցախին հարվածելու հյուսիսային ուղղության վրա։ Ադրբեջանում մինչ այժմ թաքցնում են նման ընտրության գլխավոր դրդապատճառը։ Երբեմն նույնիսկ տեսակետ է հնչեցվում, որ առկա է «դավաճանության տարր», բայց դա ռազմավարությունը քողարկելու փորձ է։

Դատելով Սարսանգի ամբարտակի տեխնիկական վիճակի շուրջ Ադրբեջանի «հումանիտար մտահոգությունների» սրացումից, Արցախի նկատմամբ այդ երկրի ռազմական հավակնությունները նույնն են մնացել։ Ու, թերեւս, պատահական չէ, որ շփման գծի հյուսիսային եւ հյուսիս– արեւելյան հատվածում է հատկապես դրսեւորվում հրադադարի խախտման եւ դիվերսիոն-հետախուզական ներթափանցման ադրբեջանական ձեռնարկումների ինտենսիվությունը։

Ունի՞ Ադրբեջանը Սարսանգի ամբարտակը «տեխնոգեն վթարի» ենթարկելու ծրագիր։ 2014-ի ամռանն այդ շրջանում է վնասազերծվել ադրբեջանական դիվերսիոն խումբը, որի անդամներից մեկը փոխհրաձգության ժամանակ սպանվել է, երկուսն իրենց պատիժն են կրում Արցախում։ Ադրբեջանական մասսմեդիայում երբեմն հնչում են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություններ իրականացնելու հնարավորության» մասին փորձագիտական կարծիքներ։ Միանշանակ է, որ առաջին թիրախը Սարսանգի հանգույցն է:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031