Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց զուտ քաղաքական որոշում

Հունվար 28,2016 15:00

Խաչատուր Քոքոբելյանը Սարսանգի
ջրամբարի վերաբերյալ զեկույցի լուրջ ազդեցություն չի կանխատեսում

«Միանգամայն ճիշտ եւ տեղին որոշում էր: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո շատ սպասելի էր, որ այդպիսի որոշում կկայացվի: Միջազգային քաղաքական հարթակում կարեւորագույն դերակատարները համարժեք մոտեցում ցուցաբերեցին` գնահատելով, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը չի բխում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացից»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` դրական համարելով երեկ ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի բազմաչարչար` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին չնպաստող զեկույցի մերժումը: Հիշեցնենք. Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը մերժվեց ձայների 70 «դեմ», 66 «կողմ» հարաբերակցությամբ: Մեր զրուցակիցը չի կիսում այն կարծիքը, որ զեկույցի պատրաստման գործում վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը», քանզի, իր համոզմամբ, դա լուրջ քաղաքական որոշման արդյունք էր:

Երեկ ԵԽԽՎ-ում, սակայն, 98 «կողմ», 71 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց մյուս` Սարսանգի ջրամբարին վերաբերող՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը: Այն, ի դեպ, ընդունվեց ԵԽԽՎ կանոնակարգի խախտումով: Կանոնակարգի հիմնական պահանջներից մեկն այն է, որ զեկուցողը պարտադիր պետք է տեղանքում եղած լինի: Հիմնական զեկուցողն իր ելույթում մի քանի անգամ հայտարարեց, որ չորս անգամ դիմել է հայկական կողմին` Հայաստան գալու համար, եւ տարբեր հիմնավորումներով մերժում է ստացել: «Ես չեմ կարծում, որ տվյալ անձը փորձել է ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում լինել եւ հնարավորություն չի ունեցել, թեպետ տեղեկացված եմ միայն հայտարարությունների մակարդակով: Բայց չեմ հիշում մի դեպք եւ դրա իմաստն էլ չեմ տեսնում, որ միջազգային որեւէ կառույցի որեւէ ներկայացուցիչ փորձած լինի այցելել ՀՀ կամ ԼՂՀ, ու այդ հնարավորությունը նրան ընձեռված չլինի»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը ոչ ԼՂ խնդրի լուծման, ոչ էլ տարածաշրջանային իրավիճակի հետ կապված որեւիցե լուրջ ազդեցություն չի կարող ունենալ: «Զուտ ջրի խնդիր այդտեղ չեմ տեսնում, որովհետեւ ջուրը որեւէ մեկը չի կարող գրպանել` անգամ մեծ ցանկության դեպքում: Թե՛ մեր, թե՛ հակառակ կողմից մեծ ջանքեր չեն պահանջվում` ապացուցելու համար, որ սպիտակը սեւ է կամ հակառակը»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Նա միանգամայն կիսում է հարցադրումը, որ զեկույցի ընդունումն ուշագրավ է հենց ԼՂ հարցի համատեքստում, քանի որ տիկին Մարկովիչն իր ելույթում մեղադրանքներ հնչեցրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին` ասելով, որ նրանք քսան տարի է՝ չեն կարողանում հարցի կարգավորման տարբերակներ գտնել, ըստ էության անգործության են մատնված: «Ադրբեջանական կողմն իր համախոհներով արդեն տարիներ շարունակ փորձում է ամեն ինչ անել` վիժեցնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ սեփական ցանկությունների իրացման խնդիր է փորձում լուծել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ոչ համարժեք մոտեցում ունի Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միակ եւ արդյունավետ ֆորմատը Մինսկի եռանախագահների ֆորմատն է, եւ գործելով այդ ֆորմատի դեմ՝ Ադրբեջանը ցույց է տալիս իր ոչ կառուցողական դիրքորոշումը: Ես վստահ եմ, որ ադրբեջանական դիվանագիտությունը դա անում էր, այսպես ասած, ներքին սպառման համար, քանի որ այդ հարցը պայմանավորված չէ ադրբեջանական ցանկություններով: Ադրբեջանի իշխանությունների վերջին հռետորաբանությունը եւ քայլերի հաջորդականությունը պարզ ցույց են տալիս, որ իրենց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Ադրբեջան, ԼՂՀ-Ադրբեջան սահմաններում պատերազմական գործողությունները մեկ խնդիր են լուծում` պահել Ադրբեջանի վերնախավի իշխանությունը: Նման պահվածքը որեւէ լավ բանի չի բերում ԼՂ հարցի լուծման առումով, եւ դա շատ տեսանելի է նաեւ միջազգային տարբեր կառույցների այն դերակատարների համար, ովքեր շահագրգիռ են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմամբ: Ուստի այս իմաստով ես այդ բանաձեւի ընդունման մեջ վտանգ չեմ տեսնում»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Հայտնի է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական կողմը, այդ թվում նաեւ պատգամավորները, բավական համակարգված եւ ակտիվ աշխատանք տարան` չեզոքացնելու համար այս զեկույցների ընդունումը: Հարցին` որքա՞ն էր այստեղ հայկական կողմի աշխատանքի տեսակարար կշիռը, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ պետք է շնորհակալ լինենք բոլորին, ովքեր հետամուտ էին եւ հետեւողական այս գործընթացում, բայց ինքն, ինչպես նախկինում, երբ այդ զեկույցները մտան ԵԽԽՎ օրակարգ, այսօր էլ այն կարծիքին չէ, որ դա մեր պատվիրակության վատ աշխատանքի արդյունքում էր: «Նմանատիպ խնդիրները լուծվում են քաղաքական որոշումների արդյունքում: Իհարկե, կարելի է նպաստել դրանց ընդունմանը կամ չեզոքացմանը: Հայկական պատվիրակությունը, բնականաբար, պետք է ջանք չխնայեր, որպեսզի դրանք օրակարգ չմտնեին: Բայց, մեծ հաշվով, դա կախված չէր մեր պատվիրակության աշխատանքից: Զուտ քաղաքական որոշում էր` կախված աշխարհում ընթացող վերադասավորումներից, տարածաշրջանի փոփոխություններից: Այս քաղաքական որոշման պատճառն այլ հարթությունում պետք է փնտրել»,- ասաց մեր զրուցակիցը` նկատի ունենալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի պրոռուսական քվեարկությունները եւ այլն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031