Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պետք է փոխի իր պահվածքը Հայաստանի հանդեպ

Հունվար 28,2016 14:30

Ըստ ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի` Հայաստանի իշխանությունն
ու ընդդիմությունը պետք է պահանջեն, որպեսզի ՌԴ-ն հաշվի նստի ու հարգի Հայաստանի շահերը:

– Պարոն Մինասյան, հունվարի 16-ը պատմական օր էր Իրանի համար: Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղարկվեցին։ Հայաստանը հնարավորություն ունի՞ Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու:

– 1991թ. անկախացումից ի վեր Իրանը Հայաստանի համար փակ երկիր էր, որովհետեւ Իրանը միջազգային համայնքից դուրս էր մնացել, բարդ էր Հայաստանի համար հարաբերություններում զարգացում ապահովել: Հիմա աշխարհաքաղաքական ամբողջ իրավիճակը փոխվեց: Համաձայնագիրը, որը ստորագրվեց 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում, կարելի է համեմատել Բեռլինի պատի փլուզման հետ: Իրանի վերադարձը միջազգային ասպարեզ չափազանց մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն է` բոլոր առումներով, բոլոր ոլորտներում: Լինելով Իրանի անմիջական հարեւանը` Հայաստանն ուղղակիորեն պետք է շահի այս իրավիճակից: Ինչպե՞ս, ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ:

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը

Հայաստանի իշխող վերնախավերը` անկախությունից ի վեր մինչ այսօր, ընտելացել էին Իրանի հետ սահմանափակ հարաբերություններ պահպանելուն: Մինչդեռ հիմա Հայաստանի իշխող վերնախավի քաղաքական մշակույթը պետք է փոփոխության ենթարկվի, Հայաստանի կողմից նոր մտածելակերպ, մոտեցումներ եւ գործելակերպ է հարկավոր: Հայաստանը որպես տրանզիտային երկիր պետք է իր շահերը պաշտպանի:
Իրանական խնդրով անցյալ տարի ստորագրված համաձայնագիրը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի համաձայնության արդյունքն էր: 21-րդ դարը պատկանում է Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին, ինչպես նախորդ դարը` 1945-ից մինչեւ 1991 թվականը, Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության դարն էր: Չինաստան-Իրան հարաբերություններն այժմ բավական բարձր մակարդակի վրա են, Իրանը ձգտում է բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ կառուցել: Նաեւ Միացյալ Նահանգների շահերից է բխում Իրանի վերադարձը միջազգային ասպարեզ:

– Իսկ Ռուսաստանի շահերից բխո՞ւմ է Իրանի խնդրով հանգուցալուծումը: Եվ այստեղ ուղղակիորեն Հայաստանի շահերին գանք. ՌԴ-ն չի՞ խոչընդոտի Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հնարավորությանը: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես, օրինակ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը մի առիթով անկեղծացավ, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար:

– Ռուսաստանն այսօր ծանր վիճակում է` քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական առումով: Բացի այդ, Ռուսաստանը ի վիճակի չէ խոչընդոտել Չինաստանի շահերին: Ռուսաստանը Չինաստանի ու Արեւմուտքի կարիքն ավելի շատ ունի, քան նրանք` Ռուսաստանի: Ռուսաստանը որքան խոչընդոտի Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, այնքան խանգարելու է հենց իր շահերին: Հայաստանի իշխող վերնախավը նաեւ պետք է բացատրի ռուսական կողմին, որ Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա լինեն. դա ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլեւ Ռուսաստանի: Ռուսական կողմը պետք է այլ ձեւով մոտենա այս հարցին:

Ռուսաստանը գոհ է, որ Ղրիմը վերադարձրեց Ռուսաստանին, այնպես չէ՞… Բայց հիմար են, կորցրեցին Ուկրաինան: Ուզում եմ ասել, ռուսական կողմն իր մոտեցումները պետք է փոխի: Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պահանջեն, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս մակարդակում Ռուսաստանը հաշվի նստի ու հարգի Հայաստանի շահերը: Առանց այն էլ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանը լինելով՝ ուզենա, թե չուզենա, պետք է բարձր մակարդակի հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը պետք է փոխի իր պահվածքը Հայաստանի հանդեպ. սա պետք է արձանագրեն ու հայտարարեն բոլորը` թե՛ Հայաստանի քաղաքական ողջ դաշտը, դիվանագետները եւ թե՛ Սփյուռքը: Ռուսաստանի կողմից սեփական մոտեցումների փոփոխությունը Հայաստանի հանդեպ նաեւ Ռուսաստանի շահերից է բխում:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածության պահպանման դեպքում Հայաստանն իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի, որպեսզի խոցելի չդառնա, որպեսզի նոր կորուստներ չունենանք:

– Հայաստանը ճիշտ, լուրջ, պատասխանատու դիրքորոշում որդեգրեց, անպատասխանատու կերպով չմտավ ռուս-թուրքական խաղի մեջ` մինչեւ Սիրիայի սահմանին ինքնաթիռի հետ կապված միջադեպն ու դրան հաջորդող գործընթացները: Ինչպես գիտեք, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, Պուտին-Էրդողան հարաբերությունները բավական ջերմ էին, նրանք նույն արժեհամակարգի կրողն էին, նույն ձեւով էին ղեկավարում իրենց պետությունները: Հարաբերությունների լարումից հետո Հայաստանի կողմից ճիշտ էր այդ սրացման վրա չխաղալը: Ռուսական ու թուրքական կողմերն իրենց խնդիրները թող լուծեն առանձին, կամ եթե պետք է դեռ երկար պահպանվի հարաբերություններում լարվածությունը, մենք պետք է մի կողմում մնանք` զգուշավոր ու զգոն լինենք, պատասխանատու, ուշադիր, որ եթե հնարավորություն առաջանա, ապա օգտվենք հնարավորություններից: Իհարկե, այստեղ առավելապես Ռուսաստանի քայլերից է կախված, որպեսզի Հայաստանն օգտվի որոշակի հնարավորություններից:

– Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացավ վաղուց սպասված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի առնչությամբ եւ փաստեցին, թե նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների` շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին: Հայաստանը համաձայնություն է տվել այս առաջարկին, մինչդեռ Ադրբեջանը հետեւողականորեն երկարաձգում է պատասխանը: Սա մեզ համար ինչ-որ առումով ձեռնտու վիճակ է, Հայաստանն ավելի շահեկան դիրքերում է հայտնվել` հաշվի առնելով նաեւ այլ գործոններ: Հայաստանն իր դիրքերը կկարողանա՞ պահպանել:

– Հայկական կողմի կեցվածքը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հստակ է: Պաշտոնական Երեւանը, ինչպես նշեցիք, համաձայնություն տվել է շփման գծում հետաքննությունների մեխանիզմի կիրառման առաջարկներին: Ադրբեջանը խնդիր ունի, այսօր շատ խնդիրներ ունի, որոնք չկային մեկ տարի առաջ: Նավթի գների նվազման արդյունքում տնտեսական խնդիրներ են առաջ եկել: Հիմա երկու տարբերակ կա: Առաջինը` եթե Բաքուն վերջնականապես մերժի համանախագահների նշյալ առաջարկը, դա Հայաստանի համար շահեկան կլինի: Հայաստանը կարող է արդեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը առաջ քաշել: Երկրորդ` եթե Ադրբեջանն ի վերջո համաձայնի համանախագահների` հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու առաջարկին, ապա դա խաղաղության հաստատման համար նոր հանգրվան կդառնա` բանակցությունների շարունակման համար: Ադրբեջանը պետք է որոշում կայացնի, թե ինչ է ի վերջո ուզում:

Եթե Ադրբեջանը կտրականապես մերժի համանախագահների առաջարկը, ապա համանախագահող երկրներն այդ դեպքում արդեն լուրջ մտորելու առիթ պետք է ունենան, եւ նրանք էլ սկսեն բարձրացնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Եթե ոչ՝ համանախագահող երկրների մակարդակով, ապա Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համապատասխան կեցվածք պետք է դրսեւորեն` Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնելով: Եթե հիշում եք, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Քլինթոնն ասում էր` գնդակը Թուրքիայի դաշտում է: Հիմա կարելի է ասել, որ Ղարաբաղի հարցում գնդակը Ադրբեջանի դաշտում է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031