Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Արագածոտնի մարզպետի ընդունարանում

Հունվար 28,2016 14:00
ezdi

Արայիկ Սարդարյանն իր հաշմանդամություն ունեցող աղջկա, տղայի եւ տիկնոջ հետ մարզպետ Սարգիս Սահակյանի ընդունարանից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչեւ որ նրա բնակարանի հարցը չլուծվի:

Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արայիկ Սարդարյանը որոշել է ընտանիքով՝ երկու անչափահաս երեխաների ու կնոջ հետ, ամեն օր Արագածոտնի մարզպետարանում՝ մարզպետ Սարգիս Սահակյանի ընդունարանում բողոքի ակցիա անցկացնել՝ մինչեւ անօթեւան մնացած ընտանիքին մարզպետարանը բնակարանով չապահովի: Այսպիսի ծայրահեղ միջոցի Արայիկ Սարդարյանը դիմում է այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին իր համագյուղացի 40 ընտանիքի կառավարությունը բնակարանների բանալիներ տվեց, սակայն նրա նման անօթեւան ընտանիքին, որը գյուղում անգամ մեկ սանտիմետր հող չունի, տուն չունի եւ երեխաներից մեկն էլ հաշմանդամություն ունի, անգամ անտունների ցուցակում չընդգրկեցին:

Երկու օր առաջ Արայիկ Սարդարյանը մի քանի ժամ շարունակ մարզպետի ընդունարանում՝ երեխաների ու տիկնոջ հետ միասին, մարզպետից սպասել է ողջամիտ առաջարկի, սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում նա է ասում՝ մարզպետարանից անտուն ընտանիքին տանիքով ապահովելու միակ առաջարկը տնակն է եղել:

«Ուրիշները այդ խոնավ, փտած տնակներից դուրս են գալիս, մեզ էլ առաջարկում են հաշմանդամություն ունեցող երեխայիս հետ գնամ այդ դոմիկում ապրեմ: Տնակի ապրողների պայմանները հենց դրա համար են բարելավել, ինձ առաջարկում են տնակո՞ւմ ապրել»,- ասում է Արայիկ Սարդարյանը՝ նեղսրտելով, որ քաղաքաշինության նախարարության կողմից Ծաղկահովիտում անօթեւանների համար վերակառուցված որեւէ շենքից իրենց բաժին չի հասնում, անգամ անտեսվում է հաշմանդամ երեխայի պարագան:
Տարիներ ի վեր Սարդարյանները մի բարեկամից մյուս բարեկամի տուն են տեղափոխվում, որպեսզի երկու անչափահաս երեխաների գոյությունը այդ կերպ ապահովեն: Արայիկ Սարդարյանի խոսքերով՝ տարվա կեսը հիվանդանոցում են, կեսը՝ հարազատների տանը, սակայն որքան երեխաները մեծանում են, այնքան բնակարանի խնդիրը սրվում է:
Արայիկ Սարդարյանն ասում է, որ իրենց մարզում բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ հատկապես ձմռանը, որը Ծաղկահովիտում գրեթե 5-6 ամիս է տեւում, գլխին տանիք չունենալը ընտանիքի համար պարզապես «կործանարար» կարող է լինել. «Երկու փոքրիկ երեխա, մեկը՝ հաշմանդամ: Բացի այն, որ ամեն անգամ երեխային տանում ենք թերապիայի՝ բերում, այդքան դեղ գնում, ապրուստի հարց հոգում, մի բան էլ մտածում ենք, թե այսօր որտեղ գիշերենք»:

Ամեն տարի Արայիկ Սարդարյանը Արագածոտնի մարզպետարան, Ծաղկահովիտի գյուղապետարան ու քաղաքաշինության նախարարություն դիմում է գրում, մանրամասն նկարագրում ընտանիքի վիճակը, սակայն որեւէ անգամ նրա անունն անօթեւանների ցուցակում այդպես էլ չի հայտնվում: Նրա համար «մութ» է մնում, թե սոցիալական ինչ կարգավիճակ պետք է լինի, որ իր ընտանիքից վատ վիճակում լինի: Նա ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչպես է լինում, որ իրեն սոցիալական պետություն համարող երկրում մարդիկ բաց երկնքի տակ են գիշերում՝ ինչպես պատահել է նաեւ իր ընտանիքի հետ:
«Ինձ համար անհայտ է՝ ինչ չափանիշներով են ընտրում, Ծաղկահովիտում այնպիսի մարդիկ են վերջին անգամ կառուցված շենքից բնակարան ստացել, որ ընդհանրապես բնակարանի կարիք չունեին: Նրանք տներ ունեին, որպեսզի ստանան այդ բնակարանը, նոտարով իրենց բնակարանները ուրիշի անունով փոխեցին: Դա էլ հո փաստ է, կարող են ամսաթվով ստուգել, թե երբ, ինչ նոտարական գործարք են արել»:
Արայիկ Սարդարյանը մեր երկրի վերահսկող մարմիններին առաջարկում է բնակարան ստացողների այդ ցուցակը մանրամասն ուսումնասիրել: Ըստ նրա՝ առնվազն 10 ընտանիքի մասին ինքը տեղեկություններ ունի, թե ինչ ունեցվածք ունեն, բայց անօթեւանի անվան տակ բնակարանատեր են դարձել:

Ի դեպ, Արագածոտնի մարզպետարանի կայքում բնակարանաշինության մասին տեղեկատվություն կար, սակայն փնտրտուքների արդյունքում որեւէ ցուցակ կամ տեղեկատվություն այդպես էլ չգտանք, թե բնակարանատերերն ովքեր են:
Այդ ցուցակը մարզպետարանից նաեւ հրաժարվել են տրամադրել Արայիկ Սարդարյանին:
Մեզ հետ զրույցում Արայիկ Սարդարյանն ասաց, որ տան միակ աշխատողն ինքն է, իսկ կինը հաշմանդամություն ունեցող երեխային է խնամում. «Այսքան տարի պետությունից ոչինչ չեմ ուզել, ոչ մի հարցով չեմ դիմել, անգամ երեխայիս համար հաշմանդամության սայլակ չեմ ուզել, ճիշտ է՝ նրա համար դեղեր ստանում ենք, բայց դրանք բավարար չեն լինում, եւ ես լրացուցիչ գնում եմ, ընտանիքս պահելու համար արտագնա աշխատանքի եմ լինում, չեմ տրտնջացել, ընտանիքս պահել եմ, բայց այլեւս հնարավոր չէ առանց տան ապրել»:

Նրա խոսքերով՝ չնայած ընտանիքի դժվար ապրուստին, 5-րդ դասարանում սովորող որդին բացարձակ գերազանցիկ է:

Ծաղկահովիտի գյուղապետ Երվանդ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նույնպես հաստատեց, որ Սարդարյանները բնակարանի կարիք ունեն, ասաց, որ նրանց հարցը ինքն էլ է ներկայացրել քաղաքաշինության նախարարություն, սակայն չի կարող ասել, թե ինչու են նրանց ցուցակից դուրս թողել:

Երվանդ Խաչատրյանն ասաց, որ Ծաղկահովիտում անօթեւան ընտանիքներ դեռեւս կան, բայց թե բնակարանաշինության նոր ծրագիր կլինի, թե չի լինի՝ չգիտի:
Մեր հարցին, թե բնակարան ստացողների թվում կա՞ն այնպիսի ընտանիքներ, որոնք ապահովված են, սակայն կրկին տուն են ստացել, Ծաղկահովիտի գյուղապետն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել բնակարանները բաժանելիս, ինչին ի պատասխան պարոն Խաչատրյանն ասաց, որ 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարանը կորցրած բնակիչներին է առաջնահերթությունը տրվել:

Արայիկ Սարդարյանի ընտանիքը նույնպես երկրաշարժի հետեւանքով է այսօր անտուն, ճիշտ է՝ նրա հոր ընտանիքին ապահովել են բնակարանով, սակայն Արայիկ Սարդարյանն առանձին ընտանիք է եւ նույնպես բնակարանի կարիք ունի:
Այսօր նա կրկին երկու երեխաների եւ տիկնոջ հետ օրը կանցկացնի մարզպետի ընդունարանում՝ այնտեղ գոնե տաք է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031