Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրելը նույնն է, ինչ ներկայացում խաղալը»

Հունվար 28,2016 13:00

Գրող եւ մնջախաղաց Նաիրա Եդիգարյանը՝
իր գրչի եւ բեմի գործունեության մասին

Շուրջ 15 տարի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան) խաղացանկային ներկայացումներում հանդիպում ենք Նաիրա Եդիգարյանին: Մնջախաղացը մինչ բեմ դուրս գալը ստեղծագործել է երեխաների համար. հայտնի են նրա «Թամ թամ», «Ջուրջուրիկը», «Ձիուկ Վիվուկը» մանկական բանաստեղծությունների ժողովածուն, մեծերին ուղղված «Իմ համով հայրենիքը», «Իմ տատիկ Թամթիմարիան» վիպակները եւ այլն: 2015թ. դեկտեմբերին արտիստը որոշեց միաձուլել մնջախաղն ու գրականությունը: Իր «Անհայտ ժամանակների մարդը» գրքի շնորհանդեսին հանդես եկավ վերջինում տեղ գտած 7 պատումից բաղկացած մոնոներկայացումով:

Naira_Edigaryan

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Նաիրա Եդիգարյանը հայտնեց, որ իր համար մնջախաղը խորհրդավոր ճանապարհորդություն է: Հիշեց, որ 1990-ականների եկել է թատրոն, իր խոսքերով՝ հայտնվեցի մի ուրիշ աշխարհում եւ որոշեցի բացահայտել այդ աշխարհը: «Իսկապես, մնջախաղը խորհրդավոր մի ճանապարհորդություն է, բնության հետ ներդաշնակվելու, թռչելու, ինչու չէ՝ մահանալու եւ միեւնույն ժամանակ վերածնվելու հնարավորություն ընձեռող ճանապարհ: Անցնելով այն, վայրկյանների ընթացքում ապրում ես տարբեր զգացողություններ, նույնիսկ միաժամանակ կարող ես լինել եւ երջանիկ, եւ դժբախտ: Իսկ այդ ճանապարհորդությունը իսկապես անվերջ է, հետեւաբար դերասանն էլ անվերջ փնտրտուքների մեջ է»,-այսպես ներկայացրեց իր մնջախաղը մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Ինձ համար մնջախաղը ինքնաճանաչողություն է, փիլիսոփայություն»:
Սովորաբար մնջախաղում երիտասարդ մարմնի ճկունությանը տարիների ընթացքում փոխարինելու է գալիս վարպետությունը: Ժամանակին մեզ հետ զրույցներում փորձառու մնջախաղացներից ոմանք գերապատվությունը տալիս են փորձառությանը, բայց չէ՞ որ բալետի արտիստի նման, մնջախաղացի բեմական կյանքը երկար չէ՝ այս դիտարկմանն ի պատասխան արվեստագետը նշեց, թե ինքը առաջնությունը մեկին չի կարող տալ, հետո էլ պատասխանեց. «Շուրջ 10 տարի, օրինակ, Ժիրայր Դադասյանի բեմադրությամբ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց»-ում տղայի՝ Զվարթի կերպարը ամեն անգամ տարբեր եմ զգում ու ներկայացնում: Լինում է պահ, երբ կերպարդ է նոր մոտեցում առաջարկում, նոր վիճակ, ու առանց երկմտելու կերպարանափոխվում ես…»:

Naira_Edigaryan-2
Հարցերին, թե մնջախաղի տեսակներից (էստրադային, դրամատիկ, էքսցենտրիկ, պարային եւ այլն) որի՞ն եք գերապատվություն տալիս եւ այն ներկայացումներում, որտեղ ընդգրկված է, օգտագործվա՞ծ է իր ողջ կարողությունը, Նաիրա Եդիգարյանը հակիրճ պատասխանեց. «Իմ նախընտրելի տեսակը իմպրովիզացիոն մնջախաղն է եւ արդեն նշեցի, որ նույն կերպարը, առանց չափազանցնելու, ամեն անգամ տարբեր ես ներկայացնում: Սա հենց իմպրովիզացիայի արվեստն է»:

Երկու ոլորտներում էլ զուգահեռ հանդես գալու առիթով էլ մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ իր համար գրելը նույնն է, ինչ ներկայացում խաղալը. «Որքան հերոս կա գրքում, բոլոր կերպարները պիտի ապրես, թեկուզ լինի, ասենք՝ քամի: Պետք է կարողանաս քամու պես սվսվալ, կոտրել ծառի ճյուղերը, հետո երեւի մխիթարության խոսքեր փսփսալ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Նաիրա Եդիգարյանը
Բոդլերի «Չարի ծաղիկները»
եւ «Արդաղիոն» ներկայացումներում:

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031