Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ունենք Բոլոնիայի համաձայնագրից հետո

Հունվար 28,2016 12:00

Բոլոնիայի գործընթացին Հայաստանի Հանրապետության անդամակցելուց հետո տասը տարի անցավ, եւ մինչեւ այժմ, մեր ակադեմիական հանրությունը հարցադրումներ է կատարում, թե ի՞նչ արդյունքներ արձանագրեցինք այդ ընթացքում: Թվում էր, թե ամեն ինչ արվեց բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների գործընթացում` ներդնելով եռաստիճան կրթական համակարգ, կիրառելով ակադեմիական կրեդիտներ, հիմնելով որակի ապահովման ներքին եւ արտաքին կառույցներ, առարկայական ծրագրերի կազմմանը տրամադրելով ակադեմիական որոշ ազատություններ, ձեւավորելով նախապայմաններ` ուսանողության շարժունության համար:

Սակայն պետք է նաեւ խոստովանել, որ Բոլոնիայի գործընթացի գործիքակազմի թվարկած տարրերը ներդրվեցին հապճեպորեն եւ թերեւս մինչեւ այսօր էլ իրենց խորքային զարգացումները չեն ստանում: Ավելին, նույնիսկ Երեւանյան գագաթնաժողովի կոմյունիկեյում (2015 թ) արձանագրվեց, որ Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում, որում ընդգրկված է նաեւ մեր հանրապետությունը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը անհավասար է եւ գործիքները երբեմն կիրառվում են սխալ, մակերեսային կամ բյուրոկրատական եղանակներով:

Այսպես, մագիստրատուրան մեր հանրապետությունում մինչեւ այսօր էլ չի ընկալվում լիարժեքորեն եւ բուհերի մեծ մասում այն ընդամենը դիտարկվում է որպես նախկին հնգամյա կրթական համակարգի ավարտական փուլ: Արդյունքում, մագիստրոսական կրթությունը շարունակում է բակալավրիատի ավանդույթները, շրջանցելով ուսանողների գիտահետազոտական ծանրաբեռնվածությունը եւ ինքնուրույն աշխատանք կատարելու շրջանակը: Նույն իրավիճակն է տիրում ասպիրանտուրայում, որի կազմակերպման մոտեցումները դեռեւս անփոփոխ են մնացել` սկսած անցյալ դարի 40-ական թվականներից: Այնինչ, զարգացած երկրներում վաղուց գործում է դոկտորանտուրան, որը բարձրագույն կրթության երրորդ մակարդակին այլ պահանջեր է առաջադրում:
Ակադեմիական կրեդիտների կիրառման գործընթացը մեր հանրապետությունում նույնպես կատարվում է ձեւականորեն: Ուսանողների եւ դասախոսների մի ստվար զանգված, մինչեւ այսօր, անգամ չի էլ տարբերում ակադեմիական կրեդիտները` գնահատման համակարգից: Ավելին, եթե ինչ որ կերպ կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման գործընթացը, ապա կրեդիտների փոխանցում` ընդհանրապես չի իրականացվում: Ուսանողների շարժունությունը միջհանրապետական մակարդակով չափազանց պասիվ է, իսկ միջազգային ասպարեզում կրեդիտների փոխանցում եւ ուսանողների շարժունություն իրականացվում է միայն եվրոպական դրամաշնորհների տրամադրման պարագայում: Եվ ստացվում է այնպես, որ կրեդիտների կուտակման գործընթացը ձեւական է, չի ծառայում իր նպատակին եւ նպաստում շարժունությանը:

Ակադեմիական ազատություններն ու համալսարանական գործունեության ինքնավարությունը թեպետ ամրագրված են օրենքով, սակայն հայաստանյան բուհերը դրանից լիարժեքորեն չեն օգտվում: Որքան էլ որ խոսում ենք ուսանողակենտրոն կրթություն կազմակերպելու անհրաժեշտության մասին, միեւնույնն է, դեռեւս իր լիարժեք գործելաոճի մեջ է անցյալ դարաշրջանից ժառանգած դասախոսակենտրոն ուսուցումը, որտեղ գրեթե բացակայում են ընտրովի դասընթացների կիրառումը, անհատական աշխատանքի կազմակերպումը, ուսանողի մասնակցությունը իր կրթության բովանդակության ձեւավորմանը, թեպետ եւ այդ ամենը ֆորմալ ամրագրված է մասնագիական կրթական ծրագրերում:

Ընդհանուր առմամբ, մեր հանրապետությունում մատուցվող մասնագիտական կրթական ծառայությունները միտված չեն աշխատաշուկային եւ դեռեւս կազմակերպվում են իներցիոն ուժով: Քիչ չեն այնպիսի մասնագիտությունները, որոնց պահանջարկը աշխատաշուկայում ընդհանրապես չի զգացվում, իսկ պահանջարկ ունեցող մասնագիտությունների կրթական ծրագրերում դեռեւս հստակ չեն ներկայացվում շրջանավարտի այն հմտություններն ու կարողությունները, որոնք միտված են գործատուի այսօրվա պահանջմունքներին:

Եվ ստացվում է այնպես, որ Բոլոնիայի գործընթացի ազդեցությունը մեր հանրապետությունում դրսեւորվում է ոչ թե իրատեսական արդյունքներով, այլ ընդամենը արտացոլվում է օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերով: Ասել է, թե Բոլոնիայի համաձայնագրից հետո ունենք բարեփոխված օրենսդրական նորմեր, բայց դեռեւս տեղում դոփող եւ իներցիոն ուժով ընթացող մասնագիտական կրթական այնպիսի համակարգ, որը գործելով նախորդ ավանդույթներով, դեռեւս չի կարողանում զգալ բարեփոխումների իրական շունչը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031