Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Մանթաշյան. Անմոռանալի ժպիտ

Հունվար 28,2016 12:30

10 տարի առաջ  Երեւանում կայացած Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը շրջադարձային նշանակություն ունեցավ նրա մասնակիցներից մեկի՝ Ռուզան Մանթաշյանի համար, որն այդ օրը հրեշտակի փոքր դերում էր: Մեր օրերում, երբ Ռուզան Մանթաշյանի ձայնը հնչում է Ֆրանսիայի ազգային օպերայի և այլ բարձր բեմերից, երբ նրա անունը հայտնի է թե՛ մասնագետներին և թե՚ դասական երաժշտության երկրպագուների լայն շրջանին, հունվարի 22-ին նա կրկին հանդես է եկել Երեւանում եւ կրկին Մոցարտ է երգել: Այս անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրա կատարմամբ հնչեցին արիաներ «Կախարդական սրինգ», «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերաներից: Պարզ և անմիջականորեն ներկայացնելով մոցարտյան վառ կերպարները, Ռուզանը աննկատելիորեն հաղթահարում էր բարդ անցումները, հոգու թռիչքի անմոռանալի պահեր պարգեւելով հանդիսականին: Մոցարտին հոգեհարազատ լուսավոր, թափանցիկ և միաժամանակ ջերմ ու մտերմիկ ոճը թևածում էր նույն բաժնում հնչեցված օպերային նախերգանքներում՝ Էդուարդ Թոփչյանի նրբանկատ և խորաթափանց ղեկավարությամբ:

Բոլորովին այլ՝ ողբերգականին հարող դրամատիկական լարված պայքարի շունչ էր տիրում համերգի երկրորդ բաժնում՝ Դ. Շոստակովիչի վիթխարի 10-րդ սիմֆոնիայի ընթացքում, որում, իրականացնելով «խավարից դեպի լույս» սկզբունքը՝ կոմպոզիտորը հետզհետե համոզիչ կերպով հաստատում է երաժշտական «ես»-ի խորհրդանիշ՝ D-Es-C-H թեման:

6-i-taki1

Հարկ է նշել, որ իր ստեղծագործական կյանքի տարիներին Է. Թոփչյանը բազում երիտասարդ երգիչներ է ի հայտ բերել և խորհուրդ տվել նրանց կատարելագործել իրենց տաղանդը: Ռուզան Մանթաշյանը նրանցից է, որը ականջալուր է գտնվել այդ խորհրդին, դիմել և ընդունվել է Մոդենայի երաժշտական ակադեմիայի Միրելլա Ֆրենիի դասարանը (Իտալիա) և մինչ օրս էլ շարունակում է սովորել՝ կատարելագործելով իր վարպետությունը: Օգտվելով առիթից, մենք զրուցեցինք երգչուհու հետ այն մասին, թե ինչպես 2006-ին կայացավ իր երաժիշտ դառնալու ճակատագրական որոշումը, ինչ նախորդեց և ինչ հաջորդեց դրան:

– Ռուզան, հայտնի է, որ դուք ծնվել եք երաժշտական ընտանիքում: Խնդրում եմ, մի փոքր ավելի մանրամասն պատմեք այդ մասին:

– Իմ պապը՝ Շավարշ Մանթաշյանը, որն ապրում էր Դիլիջանում, երգելու հատուկ շնորհ ուներ և երգում էր եկեղեցում: Հայրս ու մայրս էլ են երգում: Հիշում եմ, երբ փոքր էի, մայրս ինձ տանում էր իր հետ եկեղեցի, որտեղ նա պատարագ էր երգում: Ես էլ երգում էի նրա հետ միասին՝ չգիտակցելով, թե ինչ եմ անում: Բացի դրանից, հորաքույրս պրոֆեսիոնալ դաշնակահարուհի է, և երբ ես մանուկ հասակում երգում էի նրա նվագի ներքո՝ դա ինձ համար մեծ ուրախություն էր: Գուցե և դա էր պատճառը, որ ես սկզբում ընտրեցի դաշնամուրը:

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ուսուցչին:

– Այո, իհարկե: Ես մինչ օրս երախտապպարտ եմ իմ առաջին ուսուցչուհուն՝ դա Լյուդմիլա Աղասիի Պապիկյանն էր՝ Կ.Ս. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում: Նա ինձ ոչ միայն երաժշտության դասեր է տվել, այլ նաև կոփել է իմ բնավորությունը, սովորեցրել է աշխատել, հետևողական և համառ լինել, չնահանջել և չշեղվել՝ բարձրագույն արդյունքի տանող ճանապարհից:

– Առանց այդպիսի մոտեցման իսկապես անհնար է որևէ գործ հաջողությամբ պսակել: Չեմ կասկածում, որ դպրոցը դուք փայլուն ավարտեցիք և հետո, հավանաբար, դիմեցիք կոնսերվատորիա…

– Դպրոցը ես իսկապես լավ ավարտեցի, բայց այն ժամանակ ուրիշ հետաքրքրություններ ունեի, զբաղվում էի նկարչությամբ, գրաֆիկայով, մաթեմատիկա էի ուսումնասիրում՝ պատրաստվում էի ճարտարապետ դառնալ: Միաժամանակ սիրում էի գնալ հորաքրոջս դպրոցը, լսել, թե ինչպես է նա պարապում երգիչների հետ: Եվ մի օր նա խնդրեց Վալերի Ապրեսովիչին (խոսքը պրոֆ. Վալերի Հարությունովի մասին է-Ն.Հ.), որ նա ինձ լսի: Նա հայտնաբերեց, որ ես երգեցիկ ձայն ունեմ և մենք սկսեցինք զուգահեռ պարապել: Սակայն սկզբում ես լուրջ չէի վերաբերվում դրան, և նույնիսկ կոնսերվատորիայի ուսանող դառնալուց հետո էլ մեծ կասկածներ ունեի, որ դա է լինելու իմ հիմնական մասնագիտությունը: Ասեմ նաև, որ ծնողներս չէին խրախուսում դա, թեպետ և իսկապես շատ են սիրում երաժշտությունը: Պարզապես նախընտրում էին ճարտարապետի մասնագիտությունը: Ես չէի հակառակվում, որովհետև հարգում էի ծնողներիս կարծիքը: Սակայն երբ ելույթ ունեցա Մոցարտի «Կախարդական սրինգ»-ում, ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ, կարելի է ասել, մի իրական հրաշք կատարվեց: Երաժշտությունը ամբողջովին կլանեց ինձ, և ես զգացի, որ այն նույնքան լուրջ և հետաքրքիր գործ է: Ճիշտ է, իմ դերը շատ համեստ դեր էր, բայց և այնպես իմ ձայնն իր ուրույն տեղն ուներ այդ մեծ ու բովանդակ երաժշտական կառույցի մեջ, և դա մի զարմանալի նոր զգացում էր:

– Հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ կոմպոզիտորների, Մոցարտը խոստովանել է, որ իր երաժշտական մտահղացումները՝ որքան էլ իրենց ծավալով խոշոր լինեին՝ հայտնվում էին նրա մտքում միանգամից, որպես արդեն ավարտուն կառույցներ, և նրան մնում էր միմիայն թղթին հանձնել դրանք: Նրա սիմֆոնիաները, օպերաները իսկապես կոթողային գործեր են, և որպես այդպիսին խորին և համակ ներգրավվածություն են պահանջում թե՚ երաժիշտներից և թե՚ ունկնդիրներից: Մի գուցե, Դուք պատրաստ էիք արդեն ընբռնել այդ գործի խորությունը, թեև չգիտեիք դեռևս այդ մասին…

– Գուցե: Համենայն դեպս, դրանից հետո ես հրաժարվեցի ճարտարապետ դառնալու մտադրությունից և համոզեցի ծնողներիս, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն երաժիշտ դառնալու իմ ընտրությանը:

– Ռուզան, հայտնի է, որ Դուք հետագայում ուսանել եք անզուգական Միրելլա Ֆրենիին: Ինչպե՞ս դա հնարվոր դարձավ: Այսօր էլ շատերը կերազեին նրա մոտ ուսանելու:

– Դա շատ պատահական ստացվեց: Հորս ընկերն իմացել էր, որ Իտալիայի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Մոդենայում գործում է մի յուրահատուկ դպրոց՝ CUBEC Accademia di Belcanto di Moden, որում մեծ դեր ունի Միրելլա Ֆրենին: Ես ծանոթացա պայմաններին և ուղարկեցի ձայնագրություններիցս մի քանիսը: Երբ դրանց հաջորդեց Իտալիա այցելելու հրավերը, ես ներկայացա տիկին Ֆրենիին և երգեցի նրա համար՝ այդ պահին ես միայն նրան էի տեսնում: Ես պատրաստել էի Չիլեայի արիաներից՝ Io son l’umile ancella «Ադրիանա Լեկուվրեր» օպերայից, որը շատ եմ սիրում՝ հատկապես Միրելլա Ֆրենիի կատարմամբ: Դա իմ կողմից համարձակ քայլ էր…

– Այո, սակայն, կարելի է ասել, կրկին բախտը ձեզ ժպտա՞ց:

– Պատկերացրեք, դա բառացիորեն այդպես էր: Մի պահ, երբ, լսելով ինձ, նա ժպտաց՝ դա իմ կյանքի ամենաերջանիկ պահն էր: Այդ ժպիտը անհնար է մոռանալ: Միևնույն ժամանակ, երբ նա սկսեց պարապմունքները, ես հասկացա, որ նա շատ պահաջկոտ է, նույնիսկ դաժան: Նա չուներ դիպլոմատիայի որևէ հնարներ և միշտ բոլորին ասում էր ճշմարտությունը՝ անկախ ամեն ինչից: Իր պարզամիտ ճշմարտասիրությամբ նա բազում թշնամիներ է ձեռք բերել: Մեր նկատմամբ էլ նա նույն անկողմնակալ և սուր քննադատն էր: Հիշում եմ նրա խոսքերը.«Եթե դուք կարծում եք, որ ես պիտի խոսափողը վերցնեմ ու որևէ մեկին ձեզ համար խնդրեմ՝ դուք չարաչար սխալվում» եք: Ամեն մի մանրունք քննվում էր դասարանում, և ոչ մի բաց թողում չէր վրիպում նրա ուշադրությունից:

– Դուք փաստորեն հնարավորություն ունեցաք համեմատելու երգի երկու դպրոցներ՝ հայկականը, որին մեծապես ազդել է ռուսական երգեցողությունը, և անմիջականորեն իտալական բելկանտոյի դպրոցը: Ի՞նչ տարբերություն եք տեսնում դրանց միջև:

– Մեր դպրոցը ավելի բաց երգեցողության կողմն է, որում ձայնը տարածվում է ըստ լայնության, եթե կարելի է ասել, հորիզոնականորեն: Իսկ Մ. Ֆրենին շարունակ հավաքում էր ձայնս, ավելի նեղ սահմանի բերում և ուղղում էր այն ուղղահայացորեն դեպի վեր: Նա օգնեց ինձ տիրապետել իմ վերևի նոտաներին, իսկ միջին ռեգիստրի վրա ես հետո աշխատեցի Գերմանիայում՝ Հեդվիգ Ֆասբենդերի օգնությամբ:

– Գտնվելով Իտալիայում, Դուք տեսե՞լ եք արդյոք այնտեղ հայկական որևէ հետքեր:

– Ես ապրում էի Մոդենայում, դա մի գողտրիկ, փոքր քաղաք է և հայտնի է մեծամասամբ որպես քացախագործների քաղաք, որի բարձր որակի քացախը ճանաչված է ոչ միայն Իտալիայում, այլև ողջ աշխարհում: Սակայն անգամ այդ քաղաքում կար մի իտալացի, որը լրջորեն զբաղվում էր գրաբարով: Դա ինձ համար շատ զարմանալի և ոգևորող երևույթ էր: Բացի դրանից, ես եղել եմ Ֆլորենցիայի Saint Minias եկեղեցում, այն գտնվում է բլրի գագաթին և շատ տպավորիչ տեսք ունի: Այնտեղ հայերեն լեզվով արձանագրություններ կային… Փարիզում նույնպես հայկական մի մեծ եկեղեցի եմ այցելում – Saint Jean Baptiste կամ Սուրբ Հովհաննես Մկտրիչ: Ավաղ, զբաղվածության պատճառով միմիայն մեծ տոներին եմ հասցնում գնալ՝ այո, պարզապես մասնակցել, երգելուն չի հասնում…

– Որքան գիտեմ, բացի դասական երկացանկից, Դուք մասնակցում եք նաև ժամանակակից օպերաների կատարմանը:

– Այո, ես մասնակցել եմ երկու ժամանակակից օպերաներում: Առաջինը՝ «Անմեղների անեծքը» Ֆրանսիայի Ազգային օպերայի նախագիծն էր, որն իրագործվեց նորակառույց և նորագույն տեխնիկայով կահավորված օպերա Բաստիլի շենքում 2014-15թթ. թատերաշրջանում: Ներկայացումը նվիրված էր 1212 թ. ողբերգական պատմությանը, որը հայտնի է որպես Մանուկների կամ Պատատիների խաչակրաց արշավանք, երբ հազարավոր երեխաներ թողնում էին իրենց տները, և, հետևելով իրենց հոգևոր առաջնորդերին, ուղևորվում են դեպի Երուսաղեմ՝ Փրկչի գերեզմանն ազատագրելու: Ես տարբեր աղբյուրներ եմ հետազոտել՝հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ես ուզում էի պարզել, կայի՞ն արդյոք այդ առաջնորդների միջև խաբեբաներ, որոնք ծածկում էին երեխաներին Ալժիրի ստրկատերերին վաճառելու իրենց չարակամ մտադրությունը գեղեցիկ գաղափարով առ այն, որ միայն անմեղ հոգիներն են ի զորու ազատագրել Հիսուսի գերեզմանը: Թե՞ դա ի սկզբանե չէր որոշված և առաջնորդներն իրենք էլ խաբեության զոհ դարձան: Իրականում դժվար է այսօր հասկանալ դա: Ես երեխաների մայրերից մեկի դերն էի տանում այդ ներկայացման մեջ և երբ գիտակցում էի, որ նույնիսկ մոր աղոթքները անզոր են օգնել իր երեխային նման իրավիճակում՝ դա չափազանց ծանր էի տանում: Երաժշտությունը գրել են չորս տարբեր երիտասարդ կոմպոզիտորներ՝ դա իրենց համատեղ աշխատանքն էր՝ մի նախագծի շրանակներում, և, ելնելով թեմայից, այն նույնպես դեպրեսիվ է: Բացի դրանից, այդ բարդ ներկայացմանը մասնակցում են նաև երեխաները՝ MaՏtrise des Hauts-de-Seine հայտնի երգեցիկ դպրոցի սաների երգչախումբը: Նրանց մաքուր ձայները առավել հուզիչ են դարձնում այդ գործը:

6-i-taki2

– Այդ օպերայի լիբրետոն, եթե չեմ սխալվում, հայտնի ֆրանսիացի գրող, Գոնկուր եղբայրների մրցանակակիր՝ Լորան Գոդեի գրչին է պատկանում: Ինչպե՞ս են ֆրանսիացիները ներկա պայմաններում մեկնաբանում 1212 թ. դեպքերը, տեսնո՞ւմ են արդյոք, որ մեր օրերում էլ կրոնական հողի վրա ինչ կրքեր են բորբոքվում և թե ինչ ողբերգական հետևանքների դա կարող է հանգեցնել: Զգացվո՞ւմ էր արդյոք դա բեմադրող ռեժիսոր՝ Դիդյե Սանդրի հետ աշխատելիս:

– Ֆրանսիական բեմում ռեժիսորները ավելի շատ դերասանից են արձագանք սպասում, քան թելադրում են: Այդ իմաստով կա որոշակի ազատություն և դրա հետ կապված պատասխանատվություն: Հանդիսատեսին էլ ուղղակիորեն որևէ գաղափար չի պարտադրվում՝ մենք պարզապես ցուցադրում ենք իրավիճակը, և հանդիսատեսին տրվում է սեփական եզրակացությունն անելու իրավունքը:

– Իսկ ո՞րն է երկրորդ աշխատանքը:

– Դա ժամանակակից կին կոմպոզիտոր՝ Ջոաննա Լիի Vol retour («Հետադարձ չվերթ») օպերան է: Դա բոլորովին այլ է: Ես այնտեղ այլմոլորակայինի՝ Մարսիացու դեր եմ տանում: Շատ հետաքրքիր գործ է: Այդ ներկայացումը գնում է հենց այս՝ 2015-2016թթ. թատերաշրջանում:

Զրույցը վարեց ՆԱՏԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031