Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի 1-ին հուշամրցաշարը:
Լավ մարդու եւ ընկերոջ, շախմատի նվիրյալի, սկզբունքային լրագրողի հիշատակը հարգելու լավագույն դրսեւորումը ցուցադրեցին հենց հուշամրցաշարի մասնակիցները՝ ներկայիս մեր գրեթե բոլոր ուժեղագույնները, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, որն օրերս նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, Ռոբերտ Աղասարյանը, 5 միջազգային, 2 ՖԻԴԵ-ի վարպետ: Բայց ինչպես նշեց միջազգային մրցավար, ՀՇՖ փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը, ՖԻԴԵ-ի այդ երկու վարպետներն էլ լրացրել են միջազգայինի նորմը եւ սպասում են կոչման բարձրացման տեխնիկական արարողությանը: «Ես չեմ հիշում Հայաստանում անցկացված մի այլ մրցաշար, որն այսքան ուժեղ կազմ հավաքած լինի: Եվ սա Արմեն Նիկողոսյանի հիշատակը հարգելու լավագույն դրսեւորումն է», – ասաց Ա. Վարդապետյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ասաց. «Մենք Արմեն Նիկողոսյանին իրականում սիրում ենք, քանի որ նա աշխատասեր էր, սիրում էր մարդկությունը, ապագան: Սիրում էր միշտ լավը տեսնել: Եթե տեսնում էր, որ մի բան ճիշտ չէ, ցանկանում էր իր միջնորդությամբ օգտակար լինել: Ես նրան միշտ տեսել եմ աշխատանքի մեջ՝ միշտ պարտաճանաչ եւ պատասխանատու: Երբեք չեմ պատկերացրել, որ Արմենի մեջ որեւէ չարություն կարող է լինել: Հոգատար էր բոլորի հանդեպ, շախմատի հանդեպ: Շատ էր սիրում շախմատը եւ ուզում էր այդ սիրով օգտակար լինել բոլորին, մեր շախմատային ընտանիքին: Շնորհակալություն եմ հայտնում նրա մայրիկին, որ այդքան լավ որդի է տվել շախմատային աշխարհին, լրագրողական աշխարհին, մեր երկրին»:
Արմեն Նիկողոսյանը նաեւ սկզբունքային լրագրող էր: Երեւանի մամուլի ակումբը, որտեղ նա աշխատում էր, Արմեն Նիկողոսյանի հիշատակը հավերժացնելու համար նրա անվան մրցանակ էր սահմանել մրցաշարի ամենակրտսեր մասնակցի համար: Այն հանձնվեց Հայկ Մարտիրոսյանին:
Կարդացեք նաև
Միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որ նաեւ Արմեն Նիկողոսյանի ընկերն է եղել, շատ բան ուներ հիշելու: Սակայն հուզմունքը մեծ էր: Նա բավարարվեց նշելով նրա ազնվությունը: Ընկերոջ լռությունը խոսուն էր:
Արմեն Նիկողոսյանի անդրանիկ հուշամրցաշարի հաղթող դարձավ Հրանտ Մելքումյանը, որը 15 հնարավորից վաստակեց 12,5 միավոր: Երկրորդ տեղը բաժին հասավ Գաբրիել Սարգսյանին՝ 12,0, երրորդը՝ Արման Փաշիկյանին՝ 10,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ