Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքանով են հանդուրժող ԶԼՄ-ներն ակտիվիստների եւ իրավապաշտպանների հանդեպ

Հունվար 27,2016 22:45

«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը  ուսումնասիրություն է կատարել  «Մեդիահանդուրժողականության ինդեքսը Հայաստանում իրավապաշտպանների եւ ակտիվիստների հանդեպ» թեմայով: Ուսումնասիրվել են 10 առցանց լրատվամիջոցների 2015 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների տեքստային հրապարակումները:

IMG_5642

Այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում ներկայացվեց այդ ուսումնասիրությունը: Ըստ այդմ, «Իրավապաշտպանների եւ ակտիվիստների հանդեպ մեդիահանդուրժողականությունն՝ ըստ նվազման կարգի հետեւյալն է.

Tert.am 0,81
Epress.am 0,84
Lragir.am 0,85
1in.am 0,86
A1plus.am 0,87
News.am 0,87
Հայկական ժամանակ 0,87
Azatutyun.am 0,88
Առավոտ 0,90
Իրավունք 1,71

«Սոցիոսկոպի» ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանի ներկայացմամբ՝ իրադարձային թեմատիկ նյութերի քանակային առումով Aravot.am-ը, news.am-ն ու «Հայկական ժամանակն»  առաջին տեղերում են, իսկ վերջին տեղում՝ «Իրավունքն» է. «Եթե պատկերը դիտարկենք ցուցիչների պրիզմայով, ապա կտեսնենք, որ բախվում ենք մեդիադաշտի ամենակարեւոր խնդիրներից մեկին.  2074  հոդվածների մեջ ընդամենը 11, 9%-ի մոտ է, որ կա մեդիա դիրքորոշում, բացառությամբ «Իրավունքի», մնացած բոլորը խուսափում են բացահայտ ինքնուրույն դիրքորոշման արտահայտումից»:

Դիտարկման ենթարկված թեմատիկ հոդվածների 91.9%-ի դեպքում  միայն մի տեսակետ է ներկայացվում, ինչը խոսում է այն մասին, որ լրատվամիջոցները հակված չեն երկխոսության, եւ կոնկրետ որոշակի ուղեգիծ ունեն ռազմավարություն տանելու: Թեմայի լուսաբանումը հիմնականում կրում է իրադարձային բնույթ, թեմատիկ հոդվածները տարբեր լրատվամիջոցներում ներառում են միեւնույն տեղեկատվական առիթները, կա միօրինակություն»: Ըստ զեկուցողի, հստակ անհանդուրժողականության ինդեքսով «Իրավունքը» ամենավերջին տեղում է՝ 1,71, Aravot.am-ը՝ 0, 90, Azatutyun.am-ը ՝0,88: Տես՝ աղյուսակը

Ըստ Հարությունյանի ներկայացրած զեկույցի, անհանդուրժողականության ինդեքսում ցածր ցուցանիշով է հանդես եկել Aravot.am-ը, որի դեպքում իրադարձային շղթան, ճիշտ է, աշխատում է ապահովելով թեմատիկ առավել լայն լուսաբանում հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունների ժամանակ, բայց այլ դեպքերի լուսաբանման միտում եւս կա. «Ինչպես նաեւ բազմաբեւեռության ապահովում կա,  որը սակայն ընտրողական մեջբերումներով վերնագրերում դառնում է անհանդուրժողական միջոց»:

Epress.am-ն էլ, ըստ զեկույցի, կենտրոնացում ունի խնդրո առարկա թեմայի վրա եւ լուսաբանման գործառույթ ունի ավելի շատ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,  շատ բացահայտ դիրքորոշում չի նկատվում:

A1+.am-ին անդրադառնալով, Անահիտ Հարությունյանն ասաց, որ չնայած այս լրատվամիջոցը լուսաբանում է բացառապես հանրային հնչեղություն ունեցող խնդիրներ, փորձում է առավել հետեւողական ներկայացնել, բայց հակված է լսելի դարձնել միայն մի կողմի դիրքորոշումն ու  մեկնաբանությունները. «Այս պարագայում հիմնական խոսող ակտորները քննադատական կոնտեքստում են ներկայացնում անհանդուրժողականություն դրսեւորող ակտորներին»:

Իրադարձային նյութերի  առումով առաջին տեղում News.am-ն ու 1in.am-ն են, նույն տեղեկատվական առիթներն են օգտագործում, օպերատիվ են, բայց աշխատում են փոքր ժամանակահատվածում առավել շատ ինֆորմացիա տալ:

Tert.am-ը, ըստ զեկույցի, ավելի զգուշավորություն է ցուցաբերում:  «News.am-ում բովանդակային առումով բազմակարծություն ու վերլուծական հոդվածները բացակայում են, չկա բացահայտ դիրքորոշում, բայց կա մերջբերվող միեւնույն խոսքի անընդհատ կրկնություն, որը լատենտ ինչ-որ դիրքորոշման մասին է խոսում»,-ասաց Հարությունյանը:

Ըստ նրա, «Հայկական ժամանակն» ունի լատենտ հանդուրժողականություն, որն արտահայտվում է հոդվածներում, վերնագրերի միջոցով, կամ տարբեր հիշեցումների միջոցով շեշտադրվում է այս կամ այն միտքը. «Չնայած թեմայի ներկայացումը տեղի է ունենում հիմնականում իշխանական գործողությունների քննադատության կոնտեքստում, սակայն լրատվամիջոցի կողմից որեւէ իրադարձության գործողության վերաբերյալ դիրքորոշման արտահայտումը  սահմանափակ թվով դեպքերում է տեղի ունենում, իսկ հակառակ կողմի կարծիքները, նույնիսկ քննադատական կոնտեքստում,  գրեթե լսելի չեն:

Azatutyun.am-ը, եթե խոսենք հունիս- հուլիս ամիսների կտրվածքով,  Բաղրամյանի դեպքերին է առավել անդրադարձ արվել, եւ շատ է անդրադարձ արվել  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների անդրադարձին: Նկատվում է  հոդվածների վերնագրերում նույն քննադատական խոսքն է կրկնվում, որը ուղղված է ոստիկանական գործողությունների հանդեպ տարբեր ակտորների կողմից քննադատական խոսքի լուսաբանմանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031