Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում Հայաստանին «ահաբեկիչ» են անվանում

Հունվար 27,2016 22:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էր «Պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ պահպանելով Եվրոպայի խորհրդի չափորոշիչները եւ արժեքները», ելույթ ունեցավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովը:  Նա հայտարարեց, որ կան պետություններ, որոնց պետական քաղաքականության մեջ են ներառում ահաբեկչությունը, եւ սկսեց խոսել Հայաստանի մասին:

«Մեր մեջ կա մի պետություն, որն առանց թաքցնելու աջակցում է ահաբեկչությանը՝ այն մտցնելով իր պետական քաղաքականության մեջ: Ես այս կապակցությամբ իմ մտահոգություններն եմ արտահայտել եւ ահազանգել եմ դեռ 14 տարի առաջ»,- հայտարարեց նա:

Ռաֆայել Հուսեյնովը նշեց, որ արդյունքում ոչ ոք չկանխարգելեց հայկական ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունները, երբ հայկական կազմակերպությունները նորանոր ահաբեկչական գործողություններ էին ծրագրավորում Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում. «Ես ձեր ուշադրությունը դրանցից մեկի վրա կհրավիրեմ. 1983 թվականի հուլիսի 15-ին, երբ ահաբեկչական գործողությունների արդյունքում Փարիզում 16 հոգի վիրավորվել են, որը ծրագրավորել էր հայկական արմատներով ԱՄՆ-ի քաղաքացի Մոնթե Մելքոնյանը: Ֆրանսիական ոստիկանությանը հաջողվել էր ձերբակալել Մելքոնյանին, եւ նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման: Հայաստանը նրան ազգային հերոսի կոչում տվեց, ինչպե՞ս է սա ձեզ»:

Երբ նիստը նախագահողը նրան նկատողություն տվեց, թե թեմայի մասին չէ խոսում, Ռաֆայել Հուսեյնովը խնդրեց իրեն չընդհատել, քանի որ ինքը ահաբեկչության մասին է խոսում, եւ դեռ ժամանակ ունի  եւ շարունակեց իր խոսքը:

Սակայն  Փիթեր Օմթզիգթը միջամտեց՝ հայտարարելով, որ զեկույցի մասին բառ անգամ չի լսել, Հուսեյնովը շարունակում էր պահանջել, որ իրեն չընդհատեն, բայց վերջինիս հատկացված ժամանակն ավարտվեց:

Շուտով ելույթ ունեցավ Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչը՝ Սեվինջ Ֆատալիեւան, նա նախ հայտարարեց, որ իր ելույթը թեմային է վերաբերվում է եւ կրկին խոսեց Հայաստանի «իրականացրած» ահաբեկչությունների եւ Հայաստանի «գրաված» տարածքների մասին. «Ես Ադրբեջանից եմ, մի երկիր, որը տառապում է ահաբեկչությունից: Այդ ահաբեկչությունը Հայաստանի՝ օկուպացիոն քաղաքականության մասն է կազմում, որը տասնյակ ահաբեկչական գործողություններ է կատարել»:

Նիստը նախագահողը Ֆատալիեւային եւս զգուշացրեց, որ թեմայի մասին չի խոսում, վերջինս շարունակում էր պնդել, որ միջազգային ահաբեկչության մասին է իր ելույթը: Խոսքի իրավունքը փոխանցվեց այլ պատգամավորի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031