ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Փշատավան գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ցանկապատը պոկելու եղանակով ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակչուհի Ս.Սարգսյանի տան բակ, հարձակվել տանտիրուհու վրա և դանակով նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը:
Կարդացեք նաև
Ս.Սարգսյանը ճանաչվել է որպես տուժող:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին