Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում բելգիացի պատգամավոր Դիրք Վան դեր Մաելեն իր ելույթի ընթացքում նշեց, որ ահաբեկչությունը մոտենում է Եվրոպային եւ հարվածում նրա սրտին:
Նա նկատեց, որ Իսլամական պետությանն են միանում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ 47 անդամ երկրներից, եւ բացի Արեւմտյան Եվրոպայից՝ Իսլամական պետությանը միանում են նաեւ Ռուսաստանի Դաշնությունից: Նա ընդգծեց, որ հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն են այդ քայլին դիմում, բայց նրանց շարքում կան նաեւ միջին խավի ներկայացուցիչներ, բարձրագույն կրթություն ստացած անձինք: Դիրք Վան դեր Մաելեն հավելեց, որ Իսլամական պետությանը միանալ ցանկացող աղջիկների թիվը ես ավելանում է:
Նա ընդգծեց, որ ահաբեկիչները վնաս են հասցնում նաեւ այն կրոնական համայնքին, որին հավատացած են, որ պատկանում են. «Ահաբեկչությունը չպետք է կապվի որեւէ կրոնի, որեւէ ազգության հետ: Շատ վտանգավոր խնդրի ենք առնչվում: Իմ կարծիքով՝ առաջին քայլը որ պետք է անենք, նրա մասին լավ տեղեկանալն է, եւ նրա պատճառները իմանալը: Ինչու են այսքան տղամարդիկ, կանայք երիտասարդներ, միանում նրանց: Մեր հարեւանները, որոնք դաստիարակվել են մեր քաղաքում, սովորել են մեր դպրոցներում, ի՞նչն է նրանց դրդում գնալ Սիրիա կամ Իրաք»:
Դիրք Վան դեր Մաելեն ասաց, որ մեկուսացված մարդկանց մոտ ծայրահեղականացվելու մեծ ռիսկ կա: Ըստ նրա, այս խնդրին արագ լուծում չկա, բայց պետք է մեծ աշխատանք կատարել այն կանխելու համար:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ