Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ «ընտրակեղծարար իշխանության» հետ համագործակցելու մասին

Հունվար 27,2016 18:25

Դուք ընտրակեղծարար էիք անվանում ՀՀԿ-ին ու հայտարարում, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ կատաստրոֆիկ վիճակ եք ստեղծել երկրում, տղերք, ու հիմա ո՞նց եք ուզում համագործակցել: Բազմաթիվ քննադատություններ են հնչել իշխանության հասցեին այս տարիներին: Այդ ամենից հետո ո՞նց եք համագործակցելու այդ ընտրակեղծարար իշխանության հետ:

Aravot.am-ի այս հարցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Շատ պարզ, որովհետեւ ուզում ենք այդ արատավոր երեւույթը վերանա: Եթե մենք մերժողաբար տրամադրվենք, մենք չենք ունենա ազատ եւ արդար ընտրությունները երաշխավորող ընտրական համակարգ: Իսկ մենք ուզում ենք ունենալ այդպիսի ընտրական համակարգ: Հետևաբար` մենք համագործակցում ենք, որ հասնենք դրան, ոչ թե քննադատելով, մերժելով, հարվածելով ու անիծելով՝ նորից մեր ժողովրդին տանեն անհուսության գիրկը: Ո՛չ: ՀՅԴ-ն հենց դրա համար է, որ 125 տարի կա, որովհետեւ մինչ օրս իր հռչակած օրակարգին անհաապատասխան վերաբերմունք ցույց չի տվել»:

Մեր հարցին՝ դուք բազմաթիվ առաջարկներ էիք արել, որոնք չեն իրականացվել ՀՀԿ-ի կողմից, օրինակ, ասում էիք, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի հետ պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքի, ինչը չկա՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Արտաքին հարաբերությունների հարցում, մենք ձեւակերպել էինք  հիմնախնդիր՝ հայ-թուրքական արձանագրություններն ու ԼՂՀ-ի հետ դաշինքը:  Հայ-թուրքականի մասով մեր համագործակցության արդյունքում ունեցանք համահայկական հռչակագիր, որով սեւով սպիտակի վրա պահանջատիրությունն է ամրագրված: Եվ եթե որեւէ մեկին թվում է, թե այդ հռչակագիրն  ընդունած երկրի համար գրողի ծոցն ուղարկված արձանագրությունները նորից կարող են վերակենդանանալ՝ չարաչար սխալվում են:

Արձանագրության վրայից ստորագրության հետկանչումը, մենք լավ գիտակցում ենք, որ դա պետք է լինի միջազգային հարաբերությունների այնպիսի փուլում, որ ՀՀ-ն վնաս չկրի, հարված չստանա, չմեղադրեն մի բանի մեջ, որում չկա: Իմ խորին համոզմամբ, ոչ միայն այդ գործողությունը լինելու է, այլ լինելու է ճիշտ այն պահին, որտեղ ՀՀ-ն շահող դուրս կգա: Մենք շատ ենք կորցրել արձանագրությունը ստորագրելու ընթացքում, հիմա եկել է ժամանակը, որ մենք շահենք»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդրին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ փաստացի թեեւ ԼՂՀ պաշտպանության երաշխավորումն իրականացվում է ՀՀ-ի կողմից, բայց դա թղթի վրա դեռեւս գրանցված չէ: Վաղ թե ուշ՝ սա լինելու է: Մենք ամեն անգամ այս հարցն օրակարգում պահելով ՝ցույց ենք տալիս, թե ինչքան կարեւոր է, որ  կնքվի այդ փաստաթուղթը: Մենք պետք է ցույց տանք նաեւ միջազգային հանրությանը, թե ինչու է ՀՀ զինվորն այսօր պաշտպանում ԼՂՀ անվտանգությունը: Դատելով այսօրվա արտաքին քաղաքականության վիճակից, կարծում եմ, հեռու չէ այն ժամանակը, երբ իսկապես կարող է իրականացվել նաեւ ԼՂՀ-ի պաշտոնապես ճանաչման գործընթաց»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, ՀՅԴ-ի 7 կետերի մեծ մասը կարելի է համարել իրացված, սակայն այդ իրացումը դեռեւս կարիք ունի իրավակիրառ դարձնել. «Եթե դու հայտարարում ես, որ խորհրդարանական կառավարման պետություն ես, դեռ չի նշանակում, որ անցար ու վերջ: Բազմաթիվ հարցեր կան, իսկ դա նշանակում է, որ մենք առաջիկայում համագործակցելու ենք իշխանության հետ՝ անկախ նրանից, թե այդ համագործակությունն ինչ ձեւ կունենա՝ կոալիցիա կլինի, թե այլ բան: Մենք համագործակցելու ենք, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք՝ համագործակցությունից հետո մեր շատ գաղափարներ իրացվեցին: Լինելով ընդդիմություն՝ մենք համագործակցեցինք եւ արդյունք ունեցանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031