Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը», Հայաստանի կառավարությունը և Իրան-Հայաստան կիսագործող գազատարը

Հունվար 27,2016 18:05
gazamux

Վերջին տասնամյակում Հայաստանում պարբերաբար տարբեր քննարկումներ և մեկնաբանություններ են եղել Իրան-Հայաստան գազամուղի հնարավորությունների վերաբերյալ: Հայաստանում հասարակության զգալի հատվածի մոտ կարծրացած է այն տեսակետը, որ Իրան-Հայաստան գազամուղը մեծ հնարավորություններ էր ընձեռելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, սակայն Ռուսաստանը խոչընդոտեց այդ գազամուղի լիարժեք գործարկմանը: Այս տեսակետի ամրացմանը նպաստում են այն հանգամանքները, որ «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն «Հայռուսգազարդի» 100%-ը , այլ նաև Իրան – Հայաստան գազամուղը: Այսինքն «Գազպրոմը» մոնոպոլ դիրք է զբաղեցնում Հայաստանի գազամատակարարման համակարգում: Հետևաբար տրամաբանական է դառնում այն պնդումը, որ Ռուսաստանը «Գազպրոմի» միջոցով խոչընդոտում է Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանմանն ուղղված փորձերը, որպեսզի Հայաստանում պահպանի իր մոնոպոլ դիրքը և եվրոպական շուկայում նոր մրցակից չունենա: Այժմ Իրան-Հայաստան գազամուղը գործում է իր թողունակության 20-25%-ի չափով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների 2014թ.-ի առաջին կիսամյակի դրությամբ Հայաստան է ներկրվել 1.18 մլրդ. մ3 գազ, որից 196 մլն մ3-ը Իրանից, իսկ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը հաշվվում է տարեկան մինչև 2,3 մլրդ մ3 գազ, ապա պետք է եզրակացնել, որ Իրան-Հայաստան գազամուղը կարող է բավարարել Հայաստանի էներգետիկ պահանջները: Սակայն «Գազպրոմի» և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը վերլուծելիս Իրան-Հայաստան գազամուղի ամբողջական գործարկումը մնում է երազանք.

• Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանից մինչը սպառողներին հասնելը կրկնակի թանկանում է:
• Հայաստանի կառավարությունը վաճառեց «Հայռուսգազարդի» իրեն պատկանող 30% բաժնետոմսերը և այժմ գրեթե լծակներ չունի ներքին շուկայում գազի գնագոյացման գործընթացների վրա:
• Վրացական իշխանությունների հետ դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների վերաբերյալ բանակցելիս «Գազպրոմի» ներկայացուցիչները սպառնում են, որ վրացական կողմի հետ համաձայնության չգալու դեպքում կարող են Հայաստանին գազ մատակարարել Իրանից:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայաստանյան շուկայում «Գազպրոմի» ձեռքերն ազատ են գործելու համար: Իսկ «Գազպրոմին» զսպելու համար գազի ներկրման այլընտրանքային տարբերակների որոնման ուղղությամբ Հայաստանի կառավարությանն արգելված է քայլեր ձեռնարկել, քանի որ իրենց փոխարեն «Գազպրոմը» դա անում է: Իրանից գազի ներկրման անընդունակությունը ՀՀ կառավարությունը, հանձինս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում է քողարկել՝ պարզաբանելով, որ Իրանը Հայաստանին ռուսական գազից էժան գազ չի առաջարկում: Սակայն նախարարի հայտարարությունը հակասության մեջ է «Գազպրոմի» ներկայացուցիչների հայտարարության հետ, համաձայն որի, իրենք պատրաստ են հայկական շուկան ապահովել իրանական գազով (պետք է նկատել, որ ըստ Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի, իրենց կողմից իրականացված վերլուծություններից հետո եկել են եզրակացության, որ ներկայիս Իրան-Հայաստան գազամուղը կարող է բավարարել Հայաստանի գազի պահանջը): Եթե հիմնվենք Երվանդ Զախարյանի հայտարարության վրա, ապա «Գազպրոմը» իրանական կողմից գնելու է գազը, որի արժեքը լինելու է ոչ պակաս, քան 1000 մ3–ը 165$, ապա վաճառի Հայաստանին: Եթե լավատեսորեն ենթադրենք, որ «Գազպրոմը» Իրանից կգնի ոչ թանկ քան 165 $ 1000 մ3–ը, ապա կամ «Գազպրոմը» պետք է հրաժարվի իր եկամուտներից (քանի որ ռուսական գազի նույն գնի դեպքում ընկերությունն արդեն որոշակի եկամուտ ունի) և իր հաշվին հոգա այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են Իրանից գազի գնումն իրականացնելու համար, կամ պետք է Հայաստանում սպասվեն գազի գնի նոր թանկացումներ: Վերոնշյալ երկու տարբերակներն էլ հեռու են իրականությունից, քանի որ առաջինի դեպքում «Գազպրոմը» բիզնես գործունեություն իրականացնող ընկերություն է, որը տարիներ ի վեր, չնայած Հայաստանի տնտեսության խղճուկ վիճակին, հանդես է գալիս մոնոպոլ դիրքով, իսկ երկրորդի դեպքում, հաշվի առնելով ՀՀ կառավարության դիմումը «Գազպրոմին» գազի գինը էժանացնելու վերաբերյալ, պետք է բացառել գազի գնի նոր թանկացումը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Իրանը Հայաստանին ռուսական գազից էժան գազ կարող է առաջարկել, և դա է պատճառը, որ «Գազպրոմը» պատրաստ է հայկական շուկան ապահովել իրանական գազով:

Եզրակացություն. «Գազպրոմը» չի պատրաստվում հայաստանյան շուկայում զիջել իր մոնոպոլ դիրքերը: Իր ձեռքում կենտրոնացնելով Հայաստանի գազամատակարարման համակարգը՝ Իրան-Հայաստան նոր գազամուղի կառուցման դեպքում կփորձի անմասն չմնալ դրանից: Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ «Գազպրոմի» հետ վարած քաղաքականությունը, որը կարելի է բնութագրել «Ինչպես Ռուսաստանի Դաշնությունը կցանկանա, այնպես էլ կլինի» նախադասությամբ, ՀՀ կառավարության դիմումը (որը պետք է լիներ պահանջ) ուղղակի քաղաքական բովանդակություն ունի, ուղղված է ներքին լսարանին և սոցիալական որևէ խնդիր չի լուծի, քանի որ դժվար թե «Գազպրոմում» լուրջ զիջումների գնան: Ի վերջո չպետք է մոռանալ, որ դեռևս շարունակվում է գազի գինը կրկնակի թանկացումը սահմանից մինչև սպառող ընկած տարածությունում:
Շարունակելի…

ՀԺԱՄ վարչություն
անդամ Սուրեն Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031