Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ հազար դոլարը փոքր դրամաշնորհ է, բայց կարևոր է». Մարգարիտա Փիլիպոսյան

Հունվար 27,2016 17:59

32 խմբում ընդգրկված հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից (ՀՕՖ)՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

2001 թվականից իրականացվող մրցույթին այս տարի ներկայացված 244 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 32-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են,13-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

ANSEF-2016-(3)

«Մենք հաճախ ենք լսում, որ 5000 դոլարը փոքր դրամաշնորհ է: Մենք ինքներս էլ գիտենք, որ փոքր է: Եթե, օրինակ, 15-16 տարի առաջ այն շատ ավելի մեծ դերակատարություն է ունեցել ինչ-որ լուրջ հետազոտություն իրականացնելու համար, հիմա ընդամենը մի փոքր մաս կամ սկիզբ կարող է լինել հետազոտողի համար, բայց, միևնույն է, շատ կարևոր է»,- ասաց ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտա Փիլիպոսյանը:

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի հինգ դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շնորհիվ տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 12:

Այս տարի դրամաշնորհներից 15-ը տրամադրվել է կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, 7-ը ֆիզիկայի, 3-ը աստղաֆիզիկայի, 1-ը քիմիայի, 1-ը բիոմեխանիկայի, 1-ը երկրի մասին գիտության, 1-ը գրականության, 1-ը պատմության, 1-ը հնագիտության, 1-ը տնտեսագիտության ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:

Գրականության ոլորտում դրամաշնորհ են ստացել գրականագետ Հասմիկ Խեչիկյանն ու արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը. «Երկուսով ուսումնասիրելու ենք, թե 20-րդ դարի ընթացքում մոդեռնիզմը ինչ դրսևորումներ է ունեցել հայ գրականության մեջ: Նպատակ ունենք ամբողջական աշխատություն գրել ու առանձին գրքով տպագրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Խեչիկանը:

«Մոդեռնիզմը խորհրդային տարիներին արգելված է եղել և հայ գրականության մեջ ընդհանրապես չի դիտարկվել: Ինձ թվում է՝ կարևոր է, որ վերադառնանք ու նայենք. ամբողջ աշխարհում մոդեռնիզմը խորապես ուսումնասիրվել է և այսօր էլ մեծ ազդեցություն ունի գրականության ընթացքի վրա»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031