Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք, որ ջահել աղջիկներ են, ահաբեկչությունների մեծ մասը կատարում են հենց ջահելները». նախկին ՆԳ նախարար

Հունվար 27,2016 17:46

Aravot.am-ը ՀԽՍՀ ներքին գործերի նախարար, Լենինականի երկար տարիների միլպետ Լևոն Գալստյանից կարծիք հարցրեց զինված խմբի գործով արդեն վեց հոգու կալանքից ազատելու, նրանց խափանման միջոցը փոխելու մասին: Հարցին ՝չէի՞ն կարող ի սկզբանե նրանց համար խափանման միջոց ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, հատկապես նրանց մեջ կան ջահել աղջիկներ, որոնք չեն ընդունում իրենց մեղքը, փաստաբաններն էլ պնդում են, թե նախաքննական մարմինը բավարար ապացույցներ չուներ նրանց կալանքի տակ պահելու համար, Լևոն Գալստյանն այսպես արձագանքեց. «Խնդրում եմ ջահել բառը օրակարգից հանեք, աշխարհում կատարվող ահաբեկչական գործողությունների մեծ մասը կատարում են հենց ջահելները՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում…Բոլորը ջահելներ են, ի՞նչ նշանակություն ունի օրիորդ են, թե՞ օրիորդ չեն:

Հիմա եթե նրանց երկամսյա կալանքի տակ են պահել, օրենքն է այդպես: Երկու ամիս կատարում են համապատասխան գործողություններ, նախաքննությունը գնում է իր հունով, եւ եթե գտնում են, որ նրանց ազատության մեջ մնալը չի խանգարի գործի հետագա ընթացքին, որոշում են խափանման ելքը՝ թողնե՞լ, թե՞ պահել: Այստեղ արտառոց ոչինչ կա, սովորական քննություն է գնում: Հիմա եթե ուզում են լրագրողները դա արտառոց համարեն, դա իրենց գործն է, ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Հետո ազգային անվտանգության ծառայությունում արտառոց քննություն չի կատարվում, բոլոր քննությունները կատարվում են օրենքի նորմին համապատասխան: Ես չգիտեմ՝ ով չի վստահում, դա իրենց գործն է, ես վստահում եմ արդար քննությանը»:

Մեր դիտարկմանը, թե խոսքն այն մասին է, որ ի սկզբանե խախտեցին այս երիտասարդների անմեղության կանխավարկածը՝ նրանց հրեշավոր հանցագործության մասնակից որակեցին, ահաբեկիչ ու զինված հանցախմբի անդամ անվանեցին, չէ՞ր կարելի ի սկզբանե այս ամենը թույլ չտալ, մեր զրուցակիցը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել նման բնութագիր տվողներին: Ըստ նրա, ինքն անձամբ այս մարդկանց մասին ո՛չ «հրեշավոր», ո՛չ էլ «վտանգավոր» բառերն է օգտագործել: «Ես ասել եմ՝ կկատարվի քննություն, կպարզեն, ազգային անվտանգության ծառայությունը վերջը այն ծառայությունը չէ, որ օրենքին դեմ գնա, չեմ մտածում այդ մասին, ես նախ շատ լավ ճանաչում են նրա ղեկավարին, որը երբեք թույլ չի տա օրինազանցություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցին, թե «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւս կա կալանավորվածների ցանկում, որի հետ համատեղ Դուք ստեղծել եք այդ կուսակցությունը, կա նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ազատամարտիկներ, դուք հավատո՞ւմ եք, որ նրանք, զինված խմբի հետ համագործակցելով, կարող էին պետական հեղաշրջում կատարել, մեր զրուցակիցն ասաց. «Գառնիկ Մարգարյանը եղել է, կա ու մնում է իմ լավագույն ընկերներից մեկը: Ես հավատում եմ-չեմ հավատում, դա ցույց կտա քննության ընթացքը, ես չեմ կարող ասել՝ հավատում եմ կամ չեմ հավատում: Ո՞նց կարող եմ ասել, երբ որ ես քննության ընթացքին ծանոթ չեմ: Ես չգիտեմ՝ ի՞նչ ապացույցներ կան, համենայնդեպս Գառնիկ Մարգարյանը դեմք է, ու անհնար է, ինչքան որ ես մտածում եմ, որ կուսակցության նախագահին առանց որեւէ հիմքի ձերբակալեն»:

Քանի որ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԱԾ-ն վաղուց էր իր դիտակետում վերցրել այս մարդկանց, հարցրեցինք՝ իսկ ինչո՞ւ հենց այդ ժամանակ չեն կանխել զենքի ձեռք բերումը կամ առգրավել այն, նախկին նախարարն ասաց. «Ով հայտարարեց, թե վաղուց է եղել, հայտարարողին հարցրեք, միգուցե լեզվի սայթաքո՞ւմ է եղել: Եթե վաղուց լիներ, ուրեմն վաղուց կձերբակալեին, ես նույնիսկ չգիտեմ զենքը գնե՞լ են, թե՞ գողացել են: Եթե գնել են, անպայման կգտնեն վաճառողին, եթե գողացել են, կգտնեն՝ որտեղի՞ց են գողացել, այդ զենքերը համարներ ունեն, փորձաքննություն կանցկացնեն լաբորատորիաներում, կկրակեն, կպարզեն՝ այդ զենքերից որեւէ ուրիշ հանցագործություն կատարվե՞լ է, չի՞ կատարվել, եւ հետո նոր այդ բոլորը ի մի կբերեն ու կտան համապատասխան եզրակացություն: Սպասենք արդար ու անաչառ քննության ավարտին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031