Հանրապետությունում նախորդ օրերին տեղացած առատ ձյան և բքի հետևանքով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները հիմնականում եղել են դժվարանցանելի, մի քանիսն էլ՝ երբեմն փակ:
Այսօր հանրապետության մեծ մասում առանց տեղումների եղանակ է, սակայն ճանապարհաշինական ընկերությունները դեռևս շարունակում են ճանապարհների մաքրման, լայնացման աշխատանքները:
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանի փոխանցմամբ՝ անցած մի քանի օրերին, հատկապես գիշերային ժամերին, ճանապարհներին եղել է բուք, տեսանելիության ցածր աստիճան, սակայն Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների և ձյուն մաքրող մեքենամեխանիզմների չընդհատվող աշխատանքի շնորհիվ Հանրապետության այդ հատվածում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները չեն փակվել:
Արագած-Ծիլքար և Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածներին վերջին օրերի առատ տեղումների ընթացքում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 60-70սմ:
Հովհաննես Մարտիրոսյանի ղեկավարած համանուն ՓԲ ընկերությունը ճանապարհը ձյունից մաքրելու համար աշխատել և շարունակում է աշխատել երկու հերթափոխով՝ 24 ժամյա ժամանակացույցով:
Ճանապարհները միշտ բաց պահելու համար կատարել են աղ ու ավազով մշակման, երթևեկելի գոտու լայնացման աշխատանքներ: Ընկերության ղեկավարի խոսքով՝ այսօր իրենց տարածաշրջանում առանց տեղումների եղանակ է:
Ձյուն չի տեղում նաև Արթիկի տարածաշրջանում: Ճանապարհները սպասարկող «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության տնօրեն Վահագն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փակ ճանապարհներ այս պահին չունեն, սակայն որոշ հատվածներում առկա է մերկասառույցի վտանգ: Երեկ մինչև առավոտյան ժամը 11-ը դժվարանցանելի են եղել Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ հատվածները, սակայն ճանապարհաշինական ընկերության ձյուն մաքրող 7 մեքենաներն ու 20-25 բանվորներն ամբողջ գիշեր աշխատել են և առավոտյան արդեն երթևեկությունը լիարժեք վերականգնվել է:
Այժմ երկկողմանի փակ է Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքը: Չնայած այստեղ հիմա էլ ձյուն է տեղում, սակայն բուքն արդեն դադարել է, և «Շանթ-Սեյրան» ընկերության աշխատակիցները Մարտունու կողմից սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները:
Ճանապարհաշինական ընկերության ղեկավարը՝ Արմեն Ղուկասյանը, տեղեկացրեց, որ իրենք անընդհատ հեռախոսային կապի մեջ են Եղեգնաձորի իրենց գործընկերների հետ, ովքեր ճանապարհահատվածը մաքրում են մյուս կողմից:
Ըստ Արմեն Ղուկասյանի՝ վաղը, կեսօրից արդեն, Վարդենյանց լեռնանցքը բաց կլինի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն