Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պայքարել խավարասերների և խավիարասերների դեմ

Հունվար 27,2016 17:12

Կամ խորհրդարանական դիվանագիտությունը լուրջ մոտեցման կարիք ունի

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում քննարկվել են 2 հակահայկական բնույթի զեկույցներ՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Քվեարկության արդյունքում Ուոլթերի զեկույցը և համապատասխան բանաձևի նախագիծը մերժվել է, իսկ բոսնիացի պատգամավորի զեկույցը և բանաձևը, որում նշված է իբր «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների» Հայաստանի կողմից բռնազավթման հետևանքով ադրբեջանացիները զրկված են Սարսանգի ջրամբարի ջրից՝ ընդունվեցին:

Կարելի է երկար քննարկել արդյոք այսպիսի արդյունքը հաջողությո՞ւն է մեր խորհրդարանական դիվանագիտության համար, թե ընդհակառակը: Այս հարցը իհարկե որոշ ժամանակ կքննարկվի քաղաքական և մասնագիտական շրջանակներում, նախքան մեր լրատվական դաշտից կորչելը: Այսպես է եղել նաև նախկինում, երբ ադրբեջանական կողմին հաջողվել է միջազգային կառույցներում անցկացնել ակնհայտորեն ադրբեջանամետ բանաձևեր: Սակայն ավելի կարևոր և առաջնային է այսօր այս քվեարկություններից և նրանց արդյունքներից ճիշտ հետևություններ անելը: Միայն այդ դեպքում կարելի է ապագայում հաջողությամբ դիմադրել մեր հարևան պետությունների հակահայկական նախաձեռնություններին:

Նախևառաջ, հիշենք թե ինչ է իրենից ներկայացնում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Այն բաղկացած է Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: Կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների պատգամավորները պատրաստում են զեկույցներ, ընդունում բանաձևեր, մասնակցում Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստվող միջազգային համաձայնագրերի մշակմանը և այլն:

ԵԽԽՎ-ն հանդիսանում է նաև համաեվրոպական միջխորհրդարանական համագործակցության համար նախատեսված հարթակ: Նրա ընդունած բանաձևերը, թեկուզ և կատարման պարտադիր բնույթ չեն կրում, սակայն ունեն որոշակի քաղաքական կշիռ և ազդեցություն: Ադրբեջանը և Թուրքիան ԵԽԽՎ ունեն, ընդհանուր առմամբ 24 պատգամավոր, Հայաստանը՝ 4:

Խնդիրը կայանում է նրանում, որ եվրոպական տարբեր երկրները ներկայացնող պատվիրակներն այս կամ այն հարցի վերաբերյալ քվեարկելիս ուղղորդվում են իրենց պետությունների շահերով, իրենց քաղաքական խմբակցությունների դիրքորոշումներով և իրենց անձնական պատկերացումներով: Սակայն Անդորայի կամ Լիտվայի պատգամավորները պարզապես չեն կարող ունենալ բավարար տեղեկատվություն հարավկովկասյան պատմաքաղաքական իրողության և արդի քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ ճիշտ պատկերացում կազմելու համար:

Ուստի իբր երաշտից տառապող ադրբեջանցիների մասին մտահոգված եվրոպատգամավորները, գտնվելով Արցախից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա՝ պատկերացում անգամ չունեն, որ նույն այդ Ադրբեջանը, իր իսկ սկսած պատերազմում պարտություն կրելուց հետո արդեն երկու տասնյակից ավելի տարի է, ինչ իրականացնում է հայկական պետությունների տրանսպորտային և տնտեսական շրջափակումը: Իսկ մեր պատվիրակությունը, ըստ երևույթին, չի կարող մեր ձայնը լսելի դարձնել: Արդյունքում ունենում ենք այսպիսի ձևակերպումներ պարունակող զեկույցներ, որոնք արժանանում են խորհրդարանի հավանությանը:

Վերջին տարիներին եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԵԽԽՎ-ն ընդունել է Արցախյան կարգավորմանը վերաբերող միակողմանի ադրբեջանամետ բանաձևեր: Սա հանդիսացել է ադրբեջանական պատվիրակության ակտիվ գործունեության արդյունքը: Բազմիցս բացահայտվել է նաև այդ գործունեության կարևորագույն միջոցներից մեկը՝ զանազան նյութական նվիրատվությունները, այդ թվում՝ սև խավիարը լավագույնս օգնել են ադրբեջանցի պատգամավորներին ընդհանուր լեզու գտնել իրենց եվրոպացի գործընկերների հետ: Որոշ խավիարասեր պատգամավորներ իրենց զեկույցներում պատրաստ են ոչ միայն առաջ մղել ադրբեջանական պնդումները և ձևակերպումները Արցախյան կարգավորման հարցի շուրջ, այլ նաև աչք փակել Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ ձերբակալությունների, անհանդուրժողության, քաղաքական հետապնդման և մարդու իրավունքների կոպիտ խախտման այլ օրինակների վրա: Զեկույցները և բանաձևերը ընդունելու համար անհրաժեշտ ձայներ հավաքելու նպատակով ադրբեջանական պատգամավորներն ինչպես պաշտոնական այնպես էլ ոչ պաշտոնական անձնական շփման ընթացքում փորձում են այս կամ այն կերպ ազդել այլ պետությունների պատվիրակությունների անդամ պատգամավորների վրա: Ինչպես տեսնում ենք, շատ դեպքերում այդ իրենց հաջողվում է:

Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում հարևան պետությունների հակահայկական նախաձեռնություններին ըստ պատշաճին դիմակայելու համար հայկական պատվիրակության անդամներից պահանջվում է գործել ոչ պակաս ակտիվորեն և մտածված: Մասնավորապես, կարելի է նշել գործունեության հետևյալ անհրաժեշտ ուղղությունները ՝

1.        ավելի ակտիվորեն մասնակցել քննարկումներին, ներկայացնելով իրենց տեսակետը տարածաշրջանին և մեզ առնչվող հարցերի շուրջ

2.        համոզիչ և սպառիչ փաստարկներով պատասխանել ազերաթուրքական և իրենց խավիարասեր բարեկամների պնդումներին, տարածել համապատասխան տեղեկատվական նյութեր

3.        դահլիճից դուրս անձնական շփում հաստատել հնարավորինս մեծ թվով պատվիրակությունների հետ՝ հասցնելով նրանց մեր տեսակետը

4.        շարունակաբար հանդես գալ Հայաստանի և Արցախի շահերից բխող նախաձեռնություններով, այդ թվում բացահայտելով և բարձրաձայնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիվ քաղաքականության դրսևորումները (օրինակ՝ պահանջել դատապարտել ադրբեջանական կողմի հրադադարի շարունակական խախտումները ներկայացնելով համապատասխան ապացույցներ)

5.        անհրաժեշտության դեպքում օգտվել լոբբիստական կազմակերպությունների ծառայություններից

6.        փնտրել համագործակցության եզրեր այլ եվրոպական պատվիրակությունների հետ, նպաստելով միջխորհրդարանական բարեկամական փոխշահավետ կապերի հաստատմանն և ամրապնդմանը:

Հարկ է նշել նաև, որ պատվիրակության բոլոր անդամներից պարտադիր պետք է պահանջվի անգլերենի և/կամ ֆրանսերենի գերազանց իմացություն և իրենց միտքը տրամաբանորեն և համոզիչ շարադրելու ունակություն:

Այս ամենը պահանջում է պատվիրակության գործունեության մեջ, պատգամավորներից բացի, ընդգրկել միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների և հասարակության հետ կապերի ոլորտներում մասնագիտացած անձանց (խորհրդականներ, օգնականներ և այլն) ինչպես նաև եվրոպական ազդեցիկ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այդպիսի նախաձեռնող խումբը պետք է կատարի լուրջ նախապատրաստական աշխատանք ինչպես նստաշրջաններից առաջ այնպես էլ նստաշրջանի ընթացքում, կարողանա արագորեն վերլուծել իրադրությունը, պլանավորել հետագա քայլերը և զբաղվել կազմակերպչական գործունեությամբ:

Բնականաբար այս պարագայում խորհուրդներ տալն ամենահեշտ գործն է: Սակայն եթե հաշվի առնենք, որ տարիներ շարունակ ադրբեջանական կողմը կարողանում է վեհաժողովում անց կացնել իր շահերից բխող փաստաթղթեր պարզ է դառնում, որ մեր պատվիրակության գործելաոճը խիստ վերանայման կարիքն ունի:

Անհրաժեշտ է նաև հիշել, որ ազերաթուրքամետ նախաձեռնությունների և նրանց խավիարասեր հեղինակների դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան և նպատակասլաց աշխատանք: Այդ դեպքում արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա:

Կարեն Միրզոյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031