Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ լուրջ մտահոգությունների առիթ․ HRW. epress.am

Հունվար 27,2016 16:59

Հայաստանում իրավունքների վիճակը 2015 թվականի ընթացքում մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց: Այս մասին ասված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում։

Իրավապաշտպանները նշում են, որ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ են հնչեցրել լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ:

Հավաքների ազատություն և քաղաքական այլախոհություն

Համաձայն զեկույցի, 2015֊ի ընթացքում իշխանությունները մի քանի անգամ միջամտել են հավաքների ազատությանը, այդ թվում` ուժի գործադրմամբ: Որոշ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն: Մասնավորապես, սեպտեմբերին բողոքի երթից հետո անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել կառավարությանը քննադատող, «Ազատամարտիկների դաշինք», անկախ խմբի անդամ Սմբատ Հակոբյանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեք կասկածյալների նկատմամբ, հետաքննությունն ընթացքի մեջ է:

«Հունիսի 19-ին, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ բողոքելու էլեկտրաէներգիայի սակագինը 17 տոկոսով թանկացնելու առաջարկի դեմ` «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած շուրջօրյա ցույցերի միջոցով: Հունիսի 22-ին, ցուցարարները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, և այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակեց նրանց շարժը, վերջիններս զբաղեցրեցին կենտրոնական պողոտան` մնալով այնտեղ մինչև հունիսի 23-ի օրվա սկիզբը, երբ ոստիկանությունը նախազգուշացնող հայտարարություն տարածեց, այնուհետև ջրցան մեքենաների օգտագործմամբ ցրեց բողոքի ակցիան: Ոստիկանության պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել են, որ առնվազն 25 մարդ, այդ թվում 11 ոստիկան, ստացել են մարմնական վնասվածքներ, մի շարք ցուցարարներ դիմել են բժշկական օգնության: Ակտիվիստները և լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են բազմաթիվ լրագրողների, որոշ դեպքերում, կոտրելով կամ բռնագրավելով տեսախցիկներ` վերացնելով իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը:

Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարների և պահել նրանց օրվա մեծ մասը` ազատելով առանց մեղադրանք առաջադրելու», ֊ նշում են իրավապաշտպանները՝ ընդգծելով, որ ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հերթական խաղաղ բողոքի ակցիան ընդդեմ սակագնի բարձրացման նաև սեպտեմբերի 11-ին` ժամանակավորապես ձերբակալելով մոտ 50 ցուցարարների»:

Զեկույցի հեղինակներն անդրադառնում են նաև ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին՝ Գարեգին Չուքասզյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին․

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ, խումբը ապրիլի 24-ին Երևանում հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել: Իշխանությունները նշված անձանց տների ու գրասենյակի խուզարկության արդյունքում հայտնաբերելով և առգրավելով փայտե ձողեր, խոհանոցային դանակներ, էլեկտրաշոկ և հանրությանը հասանելի բրոշյուրներ, ինչպես նաև նրանց նոթբուքերը և դրոշներ` վերջիններիս նկատմամբ մեղադրանք առաջադրեցին զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: Ապրիլի 10-ին դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք սահմանեց նշված հինգ անձանց նկատմամբ, սակայն մայիսի 4-ին, գլխավոր դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նրանք ազատ են արձակվել. քննությունը դեռևս ընթացքի մեջ է»:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 9 տարվա ազատազրկման դատապարտված ծրագրավորող Հայկ Կյուրեղյանին։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ տեղական ակտիվիստներից շատերը պատիժը համարում են անհամաչափ և պայմանավորում են այն Կյուրեղյանի քաղաքական հայացքներով, ով սատարել էր Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին:

Խոսքի ազատություն

Human Rights Watch-ն ընդգծում է, որ իշխանությունները շարունակում են լրատվամիջոցների բազմակարծության սահմանափակումները և լրագրողների վրա հարձակումների անպատժելիության քաղաքականությունը, ինչը օրինաչափություն է:

Կոմիտեն 2015 թվականին արձանագրել է լրագրողների նկատմամբ բռնությունների 19 դեպք, որոնցից 13-ը հունիսին անցկացված «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ընթացքում, և բացի վերը հիշատակված նկատողություններից, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել հարձակումներից որևէ մեկի համար», ֊ մասնավորապես, ասված է զեկույցում:

Խոշտանգումներ և վատ վերաբերմունք կալանավայրերում

Չնայած նոր ուղեցույցների տրամադրմանն իրավապահ մարմինների աշխատակիցներին, իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են, որ խոշտանգումները և վատ վերաբերմունքը շարունակում է մնալ լուրջ խնդիր նախնական կալանքի և ազատազրկման վայրերում` հատկապես խոստովանություններ կորզելու նպատակով: Նշված հանգամանքների որոշ զոհեր չեն բողոքարկում` վախենալով, որ հետաքննությունն արդյունավետ չի լինի: Հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ խոշտանգումների անպատժելիությունը:

Զինվորական ծառայություն

Չնայած նրան, որ Հայաստանը զգալի քայլեր էր ձեռնարկել շտկելու զինվորական ծառայության հետ կապված վաղեմի խնդիրները, այդ թվում, ապահովելով խղճի ազատության նկատառումներով պայմանավորված այլընտրանքային ծառայություն, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ զինծառայողների շրջանում բռնության և ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի բարձր թիվը դեռևս մտահոգիչ են:

Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031