Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Իսաբեկյան. «Արվեստի բուհերը լավագույնների տասնյակում չկան»

Հունվար 27,2016 16:27

Հունվարի 27-ին հրապարակվել են ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թ. արդյունքները: Լավագույն բուհերի տասնյակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, տասնյակի վերջում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է:

Արվեստի բուհերն այդ տասնյակից այս տարի էլ են բացակայում: Իսկ արվեստի բուհերի հնգյակում առաջատարը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան է՝ 4,19-ը վարկանիշով, այնուհետեւ հաջորդում են
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի մշակույթի համալսարանը, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան՝ համապատասխանաբար՝ 3,73, 3,33, 2,57, 1,28:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգում արվեստի բուհերի մեջ իրենց ակադեմիայի՝ առաջնային տեղ գրավելու մասին, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը եւս փաստեց, որ արվեստի բուհերը դեռեւս չկան լավագույն բուհերի տասնյակում:

aram-isabekyan2

Ինչ վերաբերում է իրենց ակադեմիային, ուրախ է, որ անցյալ տարի էլ այն արվեստի բուհերի մեջ առաջին տեղում էր: «Այո, առաջին տասնյակում արվեստի բուհերը չկան, երեւի սովորողների քանակը եւ մյուս հարցերը նշանակություն ունեն: Իսկ ընդհանրապես՝ հնգյակում լինելը փաստում է մեր բուհի ակտիվությունը եւ հաջողությունները միջազգային ասպարեզում: 2016-ին էլ մեզ լարված աշխատանք է սպասվում այն առումով, որ միջազգային հավատարմագրում պետք է ստանանք, սա եւս քրտնաջան աշխատանք է:

Մեր ուսանողները հաջողություններ են գրանցում եւ Հայաստանում՝ տարբեր տարիների ստանալով ՀՀ նախագահի մրցանակների մեծ մասը՝ արվեստի բնագավառում, եւ արտասահմանում՝ մասնակցելով մի շարք ցուցահանդեսների, ցուցադրությունների, շահելով մրցանակներ:

Իհարկե կոնսերվատորիայի ուսանողները դրա համար ավելի շատ հնարավորություն ունեն, նրանց մրցանակները երաժշտության ասպարեզում եւս շատ են»,-ասաց գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը:

Մեր դիտարկմանը, որ բոլոր բուհերն էլ ընդունվում են մարդիկ, որոնք այդ բուհի հետ ոչ մի կապ չունեն, այդպիսի ուսանողները քանի՞ տոկոս են կազմում գեղարվեստի ակադեմիայում, Արամ Իսաբեկյանը պատասխանեց, որ չգիտի, թե նրանք քանի տոկոս են կազմում իրենց բուհում, բայց չի էլ ժխտում, որ իրենց մոտ էլ կլինեն այդպիսիք: «Ուղղակի մի քիչ անիմաստ է ընդունվել մեր բուհ, եւ ուրիշ նպատակներ ունենալ: Սա մասնագիտական բուհ է, եւ մարդիկ հենց իրենց երազած մասնագիտություններով են ընդունվում»,-հավելեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Արամ Իսաբեկյանի լուսանկարը ֆեյսբուքի էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031