«Ամբողջ աշխարհում բարձրակարգ ինժեներների խիստ պահանջարկ կա: Այսօր աշխարհում մոտ 2 միլիոն թափուր աշխատատեղ կա ծրագրավորման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ պահանջարկն աճելու է եւ մինչեւ 2018 թվականը` դառնալու է մոտավորապես 3 միլիոն»,- այս մասին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա նշեց, որ մեր կյանքի մոտակա 10 տարիների ընթացքում ականատես ենք լինելու անընդհատ պահանջարկի աճին. «Դա նշանակում է, որ ինչքան մենք մասնագետ պատրատենք Հայաստանում, այդքան գործ կարող ենք բերել: Եվ եթե մենք վերլուծում ենք, տեսնում ենք, որ այսօրվա համալսարանները չեն համապատասխանում այդ խնդիրը լուծելուն, որովհետեւ մենք ունենք մոտավորապես 25-30% որակյալ շրջանավարտներ: Մնացած շրջանավարտները գնում են կրկնակի վերապատրաստման ընկերություններում»:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ կրթության ոլորտում նոր մոտեցումներ են պետք եւ դա պետք է սկսվի դպրոցից. «Մենք պատրաստվում ենք Հայաստանի բոլոր դպրոցներում ստեղծել ինժեներական լաբորատորիաներ: Արդեն իսկ մենք ունենք 80-ից ավելի տեղակայված լաբորատորիաներ: 2016 թվականին պատրաստվում ենք ներդնել մոտավորապես 130-140 լաբորատորիա: Մենք նախնական պայմանավորվածություն ունենք Կառավարության հետ, որ իրենք կկրկնապատկեն մեր ջանքերը»:
Փոփոխություններ են պետք նաեւ համալսարաններում: «Համալսարանական կրթությունը պետք է կարողանանք միացնել պրակտիկայի եւ գիտության հետ: Այսինքն` համալսարանները պետք է վերափոխվեն եւ դառնան գիտակրթական կենտրոններ, որոնք անմիջապես աշխատում են պրակտիկայի հետ»:
Կարդացեք նաև
Վերջին 10 տարիներին, ըստ մասնագետի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարեկան միջին աճը 25% է կազմում: «Միայն 2009 թվականին է 14% եղել ճգնաժամի պատճառով»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ