Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տերյան 23-ի բնակիչը՝ իրենց շենքի օտարման վերաբերյալ. «Ինչպե՞ս է հանրային գերակա շահ, եթե հանրությունը տեղյակ չէ՝ ինչ է կառուցվելու»

Հունվար 27,2016 16:12

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր Տերյան 23 հասցեի բնակիչ Վարդան Գերավետյանին (լուսանկարում) տնից վտարելու գործով բողոքի քննությունը կրկին հետաձգվեց: Հանրային գերակա շահ ճանաչված շենքի բնակիչներին դատարանը հնարավորություն տվեց շարունակել բանակցությունները «Local developers» ընկերության հետ, որն էլ նշված հասցեում նախատեսված շինարարություն իրականացնողն է:

«Այս փուլում որեւէ նյութական փոխհատուցում չեմ ուզում»,- պնդում է Վարդան Գերավետյանը՝ բացատրելով, որ անարդար է, որ գերակա շահ ճանաչված իրենց շենքի տարածքում դեռ չգիտեն՝ ինչ է նախատեսված կառուցվել. «Բա էլ ինչպես է հանրային գերակա շահ, եթե հանրությունը տեղյակ չէ՝ ինչ է կառուցվելու»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Local developers» ընկերությունը:

Aleqsandr_SirunyanԸնկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ դատարանում վստահեցրեց, որ բանակցություններն ինչքան էլ տեւեն, դրանից չի փոխվելու նշված հասցեներում արդեն գնահատված բնակարանների փոխհատուցման չափը: Նա ասաց, որ բնակիչներին ընկերությունն առաջարկում է կամ բնակարանի արժեքային գումարը կամ բնակարաններ Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքում:

Մեր դիտարկմանը, թե բնակիչները բողոքում են, որ առաջարկվող բնակարանները տարածքով փոքր են իրենց բնակարաններից, փաստաբանն այդ բողոքը հերյուրանք համարեց. «Եթե ես քեզանից բնակարան եմ գնում եւ տեղը բնակարան եմ տալիս, նույն տեղում եմ տալիս, Մասիվում չեմ տալիս, ինչի՞ մասին է խոսքը»:

Փաստաբանը նաեւ զգուշացրեց՝ ընկերությունը բնակիչներին առաջարկված գումարից ավելին չի պատրաստվում տալ. «Կա օրինական գնահատում, ավելին տանք, բա հարկայինին ի՞նչ ասենք, ինչի՞ ենք ավելին տալիս»:

Վարդան Գերավետյանն էլ դատարանին նոր ձեռք բերված փաստաթուղթ է ներկայացրել, այն բնակչին տրամադրել է անշարժ գույքի պետական կադաստրը: Փաստաթուղթը վկայում է, որ իրենց շենքերում առաջին գնահատում իրականացրած Պյոտր Գրիգորյանցը չի ունեցել համապատասխան որակավորման վկայական:

Ալեքսանդր Սիրունյանն էլ ասաց՝ չի ճանաչում նշված անձին. «Ո՞վ է Պյոտրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031