Հայաստանի բուհերի ազգային վարկանիշավորման արդյունքներով՝ 2015 թվականի լավագույն բուհ է ճանաչվել Երեւանի պետական համալսարանը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա փոխանցմամբ՝ 2-րդ տեղում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3-րդում՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 4-րդում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, 5-րդում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 6-րդ տեղը զբաղեցնում է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 7-րդը՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 8-րդը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը: 9-րդ տեղում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Ցուցակը եզրափակում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
«ԵՊՀ-ն նաեւ 2014թ. առաջատարն է, բազմաթիվ ցուցանիշներով ունի դրական միտումներ: Չկա հաջողված համալսարան, որը չունի զարգացած գիտական եւ հետազոտական ներուժ, իսկ ԵՊՀ-ն տալիս է Հայաստանի գիտական պրոդուկտի 1/3-ը»,-նկատեց Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ նշեց, որ Սլավոնական համալսարանի վարկանիշը եւս համեմատական աճ է գրանցել, քանի որ բուհը զարկ է տվել գիտահետազոտական բաղադրիչի զարգացմանը. «Իրականացվում են նաեւ մագիստրոսական ծրագրեր՝ ռուսական բուհերի հետ համատեղ: Ինչ վերաբերում է Բժշկական համալսարանին, ապա այդ բուհի ուսանողների 20 տոկոսը արտասահմանցիներ են: Ոչ մի բուհ չունի նման ցուցանիշ»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը մշտապես կատարելագործվում է. «Ցուցանիշներն ընդհանուր են բուհերի համար՝ անկախ դրանց մասնագիտական եւ կրթական ծառայությունների քանակից: Վարկանիշավորման նպատակն է՝ հանրությանը փոխանցել բուհական համակարգի կրթական որակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն, խթանել բուհերի միջեւ մրցակցությունը, թափանցիկության գործոնի ապահովումը»:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ ասաց, որ պատրաստ է բուհերի ներկայացուցիչների հետ քննարկել վարկանիշավորման արդյունքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աբսուրդի թատրոն…:)