Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը գազի գնի հարցով ժամանակ է շահում, մինչեւ տեսնի, թե նավթի հետ ինչ է կատարվում» (Տեսանյութ)

Հունվար 27,2016 15:42

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե երկու շաբաթից ավելի է՝ Ռուսաստանը մտածում է գազի գինը Հայաստանի համար իջեցնի՞,  թե՞ ոչ, ի՞նչ կշահի Հայաստանի տնտեսությունն ավելի մատչելի գազ ձեռք բերելու դեպքում, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը չբացառեց, որ Ռուսաստանը գազի գինը չիջեցնի` պատճառաբանելով, որ «առանց այն էլ Հայաստանի համար գինը ցածր է»:

Ըստ Վիլեն Խաչատրյանի. «Այնպիսի մի իրավիճակ է, որ դեռ կձգեն այնքան ժամանակ` մինչեւ հասկանան ինչ է կատարվելու նավթի գնի հետ, այլ ոչ թե շուտ որոշում կկայացնեն»:

Մանրամասները` տեսանյութում

 

Տնտեսագետն անդրադառնալով 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշին`ՏԱՑ-ին, որն անցյալ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 103.1%, ասաց, որ հիմնական աճ ապահոված ոլորտը գյուղատնտեսությունն է` 111,7 տոկոս եւ եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսն, ապա, ըստ Վիլեն Խաչատրյանի, ստացվում է, որ այդ աճի 2,5 տոկոսից ավելին ապահովել է գյուղատնտեսությունը:

«Այսինքն, մնացած 0,7 տոկոսն ապահովել են տնտեսության մյուս ճյուղերն իրար հետ վերցրած, իսկ դա նշանակում է, որ եթե գյուղատնտեսական աճը չլիներ 2015 թվականին, մենք 0,7 տոկոս ՀՆԱ-ի աճ կարող է ունենայինք»:

 

Վիլեն Խաչատրյանը հաշվարկել եւ պարզել է, որ անցյալ տարի, ամեն օր մեկ մարդը մեր երկրում մեկ դոլար քիչ է ծախսել, ինչը նշանակում է, որ տարեկան 4 հոգանոց մեկ ընտանիքը 1500 դոլար քիչ է ծախսում: Ըստ նրա, անցյալ տարի ներմուծումը 1 միլիարդ 170 միլիոն ԱՄՆ դոլարով կրճատվել է: 2013 թվականի դրությամբ էլ Հայաստանից 1 միլիարդ 800 միլիոն դոլար ապօրինի ֆինանսական միջոցներ են դուրս եկել. «Խանութներ են փակվում, կամ տեսնում ենք գրված է՝ լիկվիդացիա:Դա կոչվում է ներմուծման շոկ, առհասարակ, մենք չենք կարող ունենալ տնտեսական աճ, եթե 20 տոկոսից ավելի որեւէ ցուցանիշ կրճատվում է: Երեք եռամսյակի կտրվածքով կես միլիարդ ԱՄՆ դոլար տրանսֆերտները կրճատվել են»:

Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելն արդյոք սխալ որոշում չէր, հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս իրավիճակը, որը անմիջականորեն ազդում է նաեւ Հայաստանի տնտեսության վրա, պարոն Խաչատրյանն ասաց, որ ԵՏՄ-ն ավելի շուտ Ռուսաստան-Հայաստան համագործակցություն էր, քան երեք երկրներ` Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան միասին վերցրած: Եվ, ըստ պարոն Խաչատրյանի, եթե կա անվտանգության գործոնը, ապա ԵՏՄ-ն ճիշտ ընտրություն էր:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031