Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան» ճակատում չգիտեն՝ առգրավված դանակն ումն է եղել

Հունվար 27,2016 15:07

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկելու դեպքի առիթով քիչ առաջ ճակատի ներկայացուցիչները հրատապ ասուլիս անցկացրին:

Ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե մի խումբ անձինք հրապարակում տեղադրված վրանում ոգելից խմիչք էին օգտագործում ու բարձրաձայն հայհոյում, չի համապատասխանում իրականությանը:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի, նստացույցի մասնակիցները եղել են սթափ, պարզապես նստացույցը խոչընդոտելու նպատակով ոստիկանությունն առգրավել է նստացույցի համար անհրաժեշտ գույքը. «Եվ որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, տարածում են՝ իբր հասարակական կարգի խախտում է եղել, քաղաքացիները դրսեւորել են ոչ վայել պահվածք: Ոստիկանների գործողության ընթացքում մոտ քսան իր է առգրավվել, ծածկը, սեղանը, տաքացուցիչ սարքերը, պարկերը, վերմակները, ապամոնտաժվել են պաստառների ակերը: Սա վկայում է, որ քրեական ռեժիմը մեծ վտանգ է տեսնում մեր շուրջօրյա ակցիայի մեջ ու մեր  հետագա գործողություններում: Եվ ռեժիմը որոշել է օգտագործել ոստիկանական ուժը՝ մեզ խոչընդոտելու համար: Կատարվածը հավաքների մասին օրենքի դրույթներին հակասող գործողություն է, որովհետեւ ոստիկանությունն ունի ներկայացուցիչ, հավաքն ունի կազմակերպիչ, ու ոստիկանության ներկայացուցիչը պարտավոր էր հավաքի մասնակցին նախապես տեղեկացնել, բայց ոստիկանության ներկայացուցիչն այստեղ չի եղել, ու հավաքի մասնակցին  ոչ մեկը նախապես չի իրազեկել այդ գործողությունների մասին»:

Andrias_Gukasyan

 

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ կատարվածի մեջ երկու խնդիր են տեսնում.                 «Առաջին՝ նստացույցի մասնակիցներին ապօրինի բերման են ենթարկել եւ հասկանում ենք, որ նրանց նկատմամբ փորձելու են կեղծ հիմքերով վարչական վարույթներ հարուցել եւ երկրորդ՝ առգրավված գույքն այն անհրաժեշտ գույքն է, որով հնարավոր է նստացույցը շուրջօրյա անցկացնել, այդ գույքի  առգրավումը հիմքեր չունի»:

Անդրադառնալով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, թե հրապարակից առգրավվել է նաեւ դանակ ու բերման են ենթարկվել յոթ հոգի, պարոն Ղուկասյանը դժվարացավ ասել, թե արդյոք դանակը մասնակիցներինն է եղել, իսկ բերման ենթարկվածների թվի վերաբերյալ պարզաբանեց. «Նստացույցի երեք հերթապահող մասնակից է եղել, չորս քաղաքացի մոտեցել են խմիչքով ու այլ ուտելիքներով ու առաջարկել իրենց անդամներից մեկի ծնունդը նշել, նրանք նստացույցի հետ կապ չունեցող անձինք են: Դանակի մասին չեմ կարող ասել՝ արդյոք մեր գույքն է եղել, թե՝ ոչ: Կազմել ենք առգրավված գույքի ցանկ, ունեցել ենք գործիքներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել նստացույցի ընթացքում տարբեր գործողությունների համար, կհրապարակենք այդ ցանկը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031