Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Հիշեցնենք, որ 1945թ. այս օրը Խորհրդային բանակն ազատագրել է Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմի) նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը: «Հոլոքոստ» նշանակում է կենդանի հրկիզված:
«Հոլոքոստը զգուշացում է մարդկությանը, որ չի կարելի էթնիկական հատկանիշի հիման վրա բնաջնջել ժողովրդին: Բնաջնջողը ֆաշիստ է, որը պետք է դատապարտվի: Ուկրաինայում եւ Մերձբալթիկայում այսօր փորձում են հերոսացնել ֆաշիստներին, որոնք ցանկանում են ոչնչացնել տեղի հրեաներին: Չի կարելի այդպիսի անհատներին մեծարել, նրանք դաժան քննադատության են ենթակա»,-այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա փոխանցմամբ՝ հայերի բնաջնջման մասին առաջինը բարձրաձայնել են հրեաները. «Նրանք ընդունում են, որ նման դեպքեր են եղել, բայց «ցեղասպանություն» որակումը չեն տալիս: Երբ Թուրքիան զիջումների է գնում, ցեղասպանության ճանաչման բանաձեւն Իսրայելը ետ է քաշում: Դա հմուտ օգտագործվում է արտաքին քաղաքականության մեջ»:
Ադիբեկյանի խոսքով՝ սերունդները պետք է հասկանան, որ նման ոճիրներ չի կարելի կրկնել. «Սակայն նույնը տեսնում ենք այսօր՝ Աֆրիկայում: Դա 21-րդ դարին հարիր երեւույթ չէ: Անկախ նրանից՝ հրեաները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, Հոլոքոստը մեզ համար Հայոց ցեղասպանությունը դատապարտելու միջոց է»:
Կարդացեք նաև
Սոցիոլոգը կարծում է, որ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ կարեւոր զուգահեռներ կան. «Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ հրեաները պատերազմող կողմ չեն եղել. նրանց որպես թշնամի են օգտագործել՝ գերմանացիներին միավորելու համար: Քարոզվում էր, որ գերմանացիները վատ են ապրում հենց հրեաների պատճառով: Ռուս թուրքական պատերազմում եւս հայերը կռվող կողմ չեն եղել: Նրանց զոհաբերել են: Ռուսը գոնե զենք է ունեցել, կարողացել է իրեն պաշտպանել: Մենք ենք առաջինը հրկիզվել, ոչ թե հրեաները: Նրանց դիակներն են վառել, իսկ մեզ՝ ողջ-ողջ են վառել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ