Քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների ղեկավարները քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանին ներկայացրին հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչին տրվեցին ընդհանուր գնահատականներ և հանձնարարականներ:
Մասնավորապես, համեմատականներ անցկացվեցին ծառայության տարբեր ոլորտներում 2014թ. գրանցված ցուցանիշների հետ:
Այսպես` գրանցվել է ամբուլատոր բուժման 76911 դեպք 2014 թվականին, 85408` 2015թ.-ին, իսկ ստացիոնար բուժման` համապատասխանաբար 953 և 822:
2014 թվականին արձանագրվել է մահվան 38 դեպք, 2015 թ.-ին` 28, ինքնասպանության 4 դեպք 2014թ.-ին, 3-ը` 2015թ.-ին:
2014թ.-ին առգրավվել են 2459 բջջային հեռախոսներ, 2015թ.-ին` 2458. հայտնաբերվել է 202 գրամ թմրամիջոց 2014թ.-ին, 2015թ.-ին` 484 գրամ:
2014 թվականին կատարվել է 3, իսկ 2015թ.-ին 9 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմի փոփոխություն (փակից` կիսափակ):
2014թ. նույնականացման քարտեր չեն տրամադրվել, սակայն 2015թ.-ին դրանք տրամադրվել են 325 դատապարտյալների:
2014թ.-ին անցկացվել են 84 ծառայողական քննություններ, իսկ 2015թ.-ին` 141:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ևս 800 լրակազմով 4 նոր մասնաշենքերի գործարկմամբ մոտ 20%-ով լուծվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բեռնաթափման խնդիրը:
2015թ. ընթացքում քրեակատարողական բոլոր հիմնարկներում երկու անգամ իրականացվել են դեզինֆեկցիոն և դեզինսեկցիոն աշխատանքներ, ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, մասնավորապես` սոնոգրաֆ, լարինգոսկոպ, օտոսկոպ, էլեկտրասրտագիր, կոագուլյատոր, անզգայացման և ախտահանման սարքեր, ավելացել են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների հաստիքային միավորները, ձեռնարկվել են միջոցառումներ ազատազրկված անձանց զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ, անց են կացվել ուսումնական դասընթացներ, ինչպես նաև բազմաթիվ մշակութային, մարզական և հոգևոր միջոցառումներ:
Քրեակատարողական ծառայության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերող, ինչպես նար մի շարք այլ օրենքների նախագծեր:
Քրեակատարողական ծառայության տարեկան հաշվետվությանը մանրամասն կարող եք ծանոթանալ www.ced.am պաշտոնական կայքէջում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին