Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և գերմանական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանը:
«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների հետ: Ըստ այդմ, հուսով եմ, որ Ձեր և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի գործուն աջակցությամբ արդյունավետ գործակցություն կհաստատենք նաև գերմանական քաղաքների հետ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի և գերմանական քաղաքների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ հարաբերություններ հաստատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և գերմանական քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Մաթիաս Քիսլերը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում:
Երևանի քաղաքապետարան