2016-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հրավիրել էին ասուլիս:
ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հետ կապված բանաձեւի ընդունման հետ կապված լրագրողների հարցին՝ դա կարո՞ղ է ինչ-որ կերպ խոչընդոտել Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը՝ Անդրեյ Սորոկինը պատասխանեց. «Շատ տհաճ ու կոշտ բանաձեւեր կային, որոնք երկուսն էլ հակահայկական էին: Հաջողվեց մեկն օրակարգից հանել, սա արդեն իսկ հաղթանակ է: Սարսանգի բանաձեւը չհաջողվեց հանել օրակարգից, բայց ես համարում եմ, որ արդեն իսկ մեծ հաջողություն էր, որ մյուս բանաձեւը հանվեց: Ինձ թվում է, ԵԽԽՎ-ն ինչ-որ կարեւոր գիծ է բռնել, որով անտեսվում են բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքները: ԵԱՀԿ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ հակամարտության լուծումը պետք է լինի Մինսկի խմբի շրջանակներում»:
Նշենք, որ Գերմանիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, եւ Գերմանիայի դեսպանը չցանկացավ իր տեսակետը հայտնել այդ բանաձեւերի հետ կապված՝ ասելով. «Չեմ ուզում մեկնաբանել, դա խորհրդարանականների խնդիրն է, թող իրենք խոսեն: Բայց մեզ համար ԵԱՀԿ Մինսկի խումբը երեք համանախագահներով մնում է միակ ձեւաչափը, որտեղ կարող ենք քննարկել այս հարցը, եւ այլ ձեւաչափով որեւէ ֆորումներ անընդունելի են»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ Ադրբեջանի նավթն ու խավիարը եվրոպական կառույցներում երբեմն հաղթում է եվրոպական սկզբունքներին՝ դեսպան Քիսլերը պատասխանեց. «Ես ՀՀ-ում եմ եւ կարող եմ հայկական քաղաքականության վերաբերյալ մեկնաբանել այս պահին, երբ մենք ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ենք: Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ