Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի նախաձեռնությանը՝ հետաքննել հրադադարի խախտման դեպքերը». Գերմանիայի դեսպան

Հունվար 27,2016 13:09

2016-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հրավիրել էին ասուլիս:

Անդրեյ Սորոկինը, ողջունելով Գերմանիայի նախագահությունը, ասաց, որ դրանով նա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համար իր վրա պարտավորություն է վերցնում:

Sorokin

Մաթիաս Քիսլերի խոսքերով՝ «Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն մնում է եվրոպական անվտանգության եւ կարգուկանոնի հենասյուներից մեկը: Ունենք գործիքներ, որը հնարավորություն է տալիս անվտանգության երաշխավոր լինել: Պետք է հզորացնենք ԵԱՀԿ-ն եւ պատրաստվենք ապագա մարտահրավերներին, բայց սկզբունքները չենք վերանայելու: Որպես Գերմանիա, պատրաստ ենք մեր մասնաբաժինը բերելու, հույս ունենք, մյուս պետություններն էլ կառուցողական մոտեցումներ կունենան»:
Նա հայտարարեց, որ Գերմանիան աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ նպաստելու հակամարտության լուծմանը. «Դաշնային արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ է ասել, որ մենք պատրաստ ենք շփման գծում ծանր զինատեսակների օգտագործման հանգամանքով զբաղվել, դա պետք է լինի առաջնային նպատակ, եւ մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությանը, որը հնարավորություն կտա հետաքննել հրադադարի խախտման բոլոր դեպքերը: Կա նաեւ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտություն, որը բխում է մեր պարտավորություններից»:

Matias-Qisler_Sorokin

Հարցին՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելուն կողմ է արտահայտվել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը, դեմ է եղել Ադրբեջանը, գուցե Գերմանիան, Մինսկի խումբն ավելի հասցեական կոչեր անեն՝ Մաթիաս Քիսլերը պատասխանեց. «Գիտենք երկու կողմերի դիրքորոշումներն էլ, բայց մենք շեշտում ենք այդ մեխանիզմի կարեւորությունը երկու կողմերի հետ էլ: Մենք ուզում ենք, որ երկու կողմերն էլ կողմ լինեն այդ հետաքննության մեխանիզմների ներդրմանը»:

Հարցին՝ Ադրբեջանում Ձեր գործընկերը հայտարարել էր, որ աջակցելու է հակամարտության կարգավորմանը, առանձին ինչ-որ քայլե՞ր են արվելու, թե՞ նկատի ունի Մինսկի խմբի ձևաչափը նա պատասխանեց. «Ամեն ինչ արվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա այն ձեւաչափն է, որտեղ մենք աջակցելու ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031