Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնոպոլիան եւ կոռուպցիային իրար հետ ձեռք ձեռքի տված են»

Հունվար 27,2016 13:04

Սկսած 2003 թվականից՝ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ-ով) որեւէ փոփոխություն չի արձանագրել՝ ոչ առաջընթաց կա, ոչ էլ՝ հետընթաց: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի 2015-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը» նոր զեկույցը:

Հոկտանյանի ներկայացմամբ՝ 2015 թվականից ԿԸՀ դասակարգման աղյուսակում ներառված է 168 երկիր, որոնց արժեքը չափվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ որպես բացարձակապես մաքուր:

Ըստ զեկույցի, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2015-ին 35 է: 168 երկրների մեջ Հայաստանը 95-98 տեղերում է՝ կիսելով այն Ֆիլիպինների, Մալիի եւ Մեքսիկայի հետ: Նախկին խորհրդային երկրներից լավագույն արդյունքը, մի քանի տարի է, գրանցում է Էստոնիան: Այս երկիրը 23-26-րդ տեղերում է՝ Ֆրանսիայի, Քաթարի եւ ԱՄԷ-ի հետ: Մեր հարեւան երկրներից Վրաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից լավ վիճակում է՝ վերջին մի քանի տարում, ինչպես ասաց Հոկտանյանը, չնայած տեղում դոփում է, բայց այս երկրի կոռուպցիայի ընկալման համաթիվը 52 է:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների մեջ Ռուսաստանից եւ Բելառուսից ավելի լավ վիճակում է:

Իսկ Թուրքիան Հայաստանից լավ վիճակում է կոռուպցիայի ընկալման համաթվով, այս երկրի միավորը 45 է, Ադրբեջանը Հայաստանից վատ վիճակում է. կոռուպցիայի ընկալման համաթիվը 29 է, Իրանինը՝ 27:

Պարոն Հոկտանյանի խոսքերով՝ ընդհանրապես կոռուպցիան լուրջ խոչընդոտ է երկրի զարգացման համար, եւ տնտեսական եւ քաղաքական համակարգերը լուրջի ռիսկի տակ են գտնվում:

Նոր ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ էլ Հոկտանյանը նկատեց, որ միամիտ է կարծել, թե մի խորհրդով կարելի է նվազեցնել կոռուպցիան. «2004-ին էլ եղել է այդպիսի մի խորհուրդ, հիմա դրա ճարտարապետությունը փոխվեց, բայց առանձնապես հաջողություններ պետք չէ ակնկալել: Խորքային բարեփոխումներ են պետք, ոչ թե իմիտացիա: Պետք է լինեն տնտեսական, քաղաքական արմատական բարեփոխումներ»:

Հոկտանյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարում եթե լինի քաղաքական կամք, կկատարվեն որոշակի քայլեր, որոնք կապահովեն կոռուպցիայի նվազումը. «Պետք է լինի դեմոնոպոլիզացիա՝ քաղաքական եւ տնտեսական կյանքում: Միջազգային կազմակերպություններն են արձանագրել, որ Հայաստանում մոնոպոլիզացիան բարձր աստիճանի է: Սա նշանակում է տնտեսական մրցակցության խաթարում: Մոնոպոլիան եւ կոռուպցիային իրար հետ ձեռք ձեռքի տված են լինում միշտ»:

Ըստ Հոկտանյանի, քաղաքական եւ գործարար վերնախավի սերտաճումը մեր երկրում լուրջ խնդիր է, այն վնաս է հասցնում, եւ թույլ չի տալիս կոռուպցիան նվազեցնել:

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կատարած՝ կոռուպցիայի ընկալման բարոմետրի հետազոտության, մեր հասարակությունն էլ խորը ապատիայի մեջ է, անտարբեր է կոռուպցիայի դեմ պայքարում. հարցմանը՝ կուզեիք ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, հարցվածների կեսից ավելին ասել է՝ ոչ:

Մինչդեռ, ինչպես նկատեց Հոկտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարում, հասարակության ճնշումն էլ շատ կարեւոր է:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031